
«Սևանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերում է միայն 2017 թվականին». Արսեն Հարությունյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ նախագիծը լրամշակվել և բարելավվել է։ Նրա խոսքով՝ Սևանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերում է միայն 2017 թվականին։
«Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել հոդված 2-ով սահմանված «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը։ Ֆինանսների նախարարության հետ կատարված քննարկումների արդյունքում օրենքի նախագծում այն վերաձևակերպվել է և սահմանվել՝ որպես հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթ»,-ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ օրենքի նախագծում ընդգծվել է ջրառի հիմնական նպատակը և պատշաճորեն հիմնավորվել՝ լոկ որպես գյուղատնտեսական նշանակության անհրաժեշտություն. «Ճշգրտումներ են կատարվել նաև Սևանա լճի մակարդակի վերաբերյալ հաշվարկներում՝ հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտումը»։
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: