«Որևէ արգելք չկա, որ Բակո Սահակյանն առաջադրվի»
Հուլիսի 19-20-ին Արցախի խորհրդարանն ընտրելու է հանրապետության նախագահին՝ մինչև 2020 թվականը՝ անցումային շրջանի համար։ 2020 թվականից հետո կայանալու են համաժողովրդական ընտրություններ, և Արցախը, սահմանադրական փոփոխությունների համաձայն, կիսանախագահական կառավարման համակարգից անցնելու է նախագահականի։ Սահմանադրության անցումային դրույթներով՝ Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև՝ մինչև գործող ԱԺ լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտը:
Այժմ Արցախի ամենամեծ կուսակցությունը՝ «Ազատ Հայրենիքը», ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցությունը որոշել են առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Խնդիրն այն է, որ Բ.Սահակյանը նախագահի պաշտոնում արդեն պաշտոնավարում է 2-րդ ժամկետում։ Եվս 3 տարով առաջադրումը տարբեր քննարկումների տեղիք է տվել. որոշ վերլուծաբաններ սա որակում են՝ որպես «Ռուբիկոնն անցնել»։
ՀՀ իշխող կուսակցության պատգամավոր, սահմանադրական իրավունքի փորձագետ Հրայր Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում մեջբերեց Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, որից պարզ է դառնում նախագահական և կիսանախագահական կառավարման համակարգերի տարբերությունը։ «Դրանք լրիվ տարբեր բաներ են, տարբեր ինստիտուտներ են՝ իրենց քաղաքական պատասխանատվությամբ, լիազորությունների ծավալով, և այլն։ Այսինքն՝ եթե համեմատենք, անունը, միգուցե, նույնն է՝ հանրապետության նախագահ, բայց Բակո Սահակյանը կարո՞ղ էր պաշտոնաթողությունից հետո դառնալ, օրինակ, պաշտպանության նախարար։ Կարող էր։ Հիմա եթե անունը փոխենք, այդ լիազորությունների ծավալն այնքան տարբեր է, որքան գործող նախագահի և, օրինակ, պաշտպանության նախարարի։ Եվ այդ հարցն արհեստական հարց է՝ առաջադրվե՞լ է, թե՞ չի առաջադրվել։ Ես մի կողմ եմ դնում անձերը, ես խոսում եմ սահմանադրական իրավունքի առումով՝ որևէ արգելք չկա, որ ինքն առաջադրվի»։
Հայաստանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով, սակայն, այս առաջադրումը վնասում է ժողովրդավարությանը։
«Անկախ պարոն Սահակյանի հետ մեր ունեցած հարաբերություններից, իսկ դրանք, կարծում եմ, լավն են, ես գտնում եմ, որ Բակո Սահակյանը չպետք է առաջադրվեր և չպետք է օգտվեր օրենսդրական այդ հնարքից, և ոչ էլ պետք է ՀՀ իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը։ Դա վնասելու է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը՝ ժողովրդավարության տեսակետից։ Դա ոչ ժողովրդավարական քայլ ենք անելու»։
Ըստ նրա՝ միջազգային կառույցների կողմից բացասական արձագանք կլինի, այնպիսին, ինչպիսին Ադրբեջանի պարագայում է, նախկին խորհրդային ճանապարհի երկրներում։
«Շատ ավելի մեծ արժեքներ կան, քան՝ մնալ-պաշտոնավարելը։ Կարծում եմ՝ մեր երկրներում՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, կան մարդիկ, ուժեր, որոնք կարող են երկրում իրականացնել գործադիր իշխանություն։ Ժամկետը, որ դրված է, մարդիկ պետք է հեռանան, և նոր ուժեր գան, նոր հայացքներով նայեն խնդիրներին, նոր լուծումներով։ Դա է ժողովրդավարությունը։ Պաշտոնավարեց 2 ժամկետ, պետք է հեռանա, պաշտոնաթող լինի, թողնի, որ սերնդափոխություն լինի։ Անկախ իմ վերաբերմունքից, անկախ՝ ում է դա վերաբերում, իշխանափոխություն պետք է լինի, պետք է ռոտացիա լինի»։
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Բակո Սահակյանի առաջադրման շուրջ քննարկումներն անտեղի շահարկում է համարում։
«Մենք անցումային շրջան ենք ապրում և նոր Սահմանադրություն ենք ընդունել այս տարվա փետրվարի 20-ին։ Ըստ այդ նոր Սահմանադրության անցումային դրույթների՝ Ազգային ժողովը պետք է 3 տարով ընտրի Հանրապետության նախագահին։ Ընդհանրապես, 2020 թվականին լինելու են համաժողովրդական ընտրություններ, երբ 1 օրում պետք է ընտրենք և՛ ԱԺ, և՛ Արցախի նախագահ։ Հիմա անցումային դրույթներ են, ժողովուրդը գիտեր, որ անցումային դրույթներ պետք է լինեն։ Գործընթացը եղել է բաց, թափանցիկ, եղել է հանրաքվե, որի միջոցով այդ նախագիծն անցել է, նոր Սահմանադրությունն ընդունվել է, բոլոր քաղաքական ուժերն ունեին հնարավորություն՝ ներկայացնելու իրենց ծրագիրը, իրենց տեսլականը։ Հիմա խոսել այս ամենի մասին, երբ սա, փաստորեն, զուտ տեխնիկական խնդիր է, չգիտեմ, գուցե ժանրն է պահանջում այդպիսի քննարկումներ, բայց կարծում եմ, այս պահի դրությամբ՝ սրանք շահարկումներ են»,- ասաց Դ.Բաբայանը։