Բաժիններ՝

Բացահայտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի (ծնված 1961թ.) և նույն հիմնարկի դատապարտյալի (ծնված՝1984թ.) կողմից 2016թ. կատարվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ: Մասնավորապես՝ ծանոթանալով իրենց հետ նույն խցում գտնվող՝ 1962թ. ծնված մեկ այլ կալանավորի հետ և տեղեկանալով նրան առաջադրված մեղադրանքի հանգամանքներին, առաջարկել են կեղծել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները և նրան անմեղսունակ ճանաչել իրենց կողմից հորինված ծանոթի միջոցով: Այդ ամենը կազմակերպելու համար կալանավորից պահանջել են առանձնապես խոշոր չափերով գումար՝ 4 մլն դրամ, որի մի մասն ստացել են: Սակայն կալանավորը, իր նկատմամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ծանոթանալով նշանակված փորձաքննության եզրակացությանը, տեղեկացել է, որ ճանաչվել է մեղսունակ, գիտակցել խարդախությամբ իրենից գումար հափշտակելու հանգամանքը և պայմանավորված գումարն ամբողջությամբ չի տվել, ինչի պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1962թ. ծնված կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Իսկ մյուս կալանավորին և դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս