«ԵՄ-ՀՀ շրջանակային պայմանագրի վրա ՌԴ-ի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ»
Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ
– ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցից հետո հայտարարվեց, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, մինչդեռ ադրբեջանական կողմն իր հերթին՝ հայտարարեց, որ Բաքուն ոչ մի թիզ չի զիջելու իր դիրքերը, իսկ հայկական կողմը պահանջում է, որ Բաքուն կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պարտավորությունները: Սպասվում է, որ հաջորդ ամիս պետք է հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ու ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Ձեր հարցի կարճ պատասխանն Ավետարանի խոսքում է. «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ» (Մատթեոս 7։1-29):
Ես խաղի կանոնների փոփոխությունների նախադրյալներ չեմ տեսնում: Ալիևը կարող է մտքին եկածն ասել, սակայն հյուծելու պատերազմական ռազմավարությունը, որպես հիմնական գործիք, նա չի պատրաստվում փոխել: Ալիևը կփոխի խաղը միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ այդ ռազմավարությունը չի աշխատում: Դրա համար նրա ընկալման մեջ այդ ռազմավարությունից կորուստները պետք է գերազանցեն օգուտներին: Առայժմ նա և իր վարչախումբը զգայուն չեն մարդկային կորուստների նկատմամբ, որոնք նույնիսկ բազմապատիկ գերազանցում են հայկական կողմի կորուստները: Ավելին, տվյալ ռազմավարությունն աշխատում է Բաքվում վարչախմբի դիրքերի ամրապնդման և ռեժիմի կոնսոլիդացիայի օգտին:
Միաժամանակ` Ալիևի վարչախմբի հիմնական խնդիրը երկրում իշխանությունը չկորցնելն է: Այդ իսկ պատճառով միայն կենդանի ուժի կամ տարածքային զգալի կորուստների հրապարակայնությունը, երբ հնարավոր չի լինի դրանք թաքցնել ադրբեջանական հասարակությունից, կարող է Ալիևների ու Փաշաևների վարչախմբին ստիպել վերանայել ռազմավարությունը, ինչպես դա տեղի ունեցավ 1994 թվականին՝ ավագ Ալիևի դեպքում:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք օրերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, արդյոք ռուս-ադրբեջանական համաձայնագրի շարունակական լինելը հայկական դիվանագիտության պարտությունը չէ՞ այդ ուղղությամբ:
– Ռուսաստանի քայլերն ինձ վաղուց չեն զարմացնում. կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայում են անվտանգության երկարաժամկետ շահերի հանդեպ: Մոսկվայում բացարձակապես վստահ են, որ իրենց կողմից Բաքվին վաճառվող զենքը չի փոխի ուժերի հարաբերակցությունը, և կողմերին զերծ կպահի լայնածավալ պատերազմից: Իսկ եթե կողմերը շարունակեն հյուծել պատերազմը, ապա դա ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին՝ երկու կողմերի վրա ազդեցությունը պահպանելու և Մոսկվայից նրանց կախվածության առումով: Ավելին, հյուծիչ պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ խաղաղապահ (ռուսական) ուժերի ներգրավումը կմնա բանակցությունների օրակարգում: Այն պարտադիր չէ, որ նյութականանա, բայց կշրջանառվի:
– ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց պետք չէ ունենալ ավելորդ սպասելիքներ, դրանք այլ պատկերի կարող են բերել: Ըստ Ձեզ` ո՞րն է «ավելորդ սպասելիքը» Ռուսաստանից:
– Որքան հասկանում եմ, Շավարշ Քոչարյանն «ավելորդ սպասելիքների» ներքո նկատի ունի Ռուսաստանի հանդեպ պահանջը՝ դադարեցնել հարձակողական բնույթի զինատեսակների մատակարարումն Ադրբեջանին: Ես չեմ տեսել հարցումները, չգիտեմ էլ՝ անցկացվո՞ւմ են դրանք, բայց դատելով սոցցանցերից՝ հայկական հասարակությունում առկա է Ռուսաստանի այդ գործողությունների հանդեպ հստակ դժկամություն: Պրն Քոչարյանը ելնում է պրագմատիկ գնահատականից` Ռուսաստանի նման վարքագիծը հնարավոր չէ փոխել, քանի որ այն համապատասխանում է Մոսկվայի ներկայիս ազգային շահերին: Վերախմբագրելով գերմանացի աստվածաբան Էտինգերին՝ պրն Քոչարյանն ասում է, որ պետք է հանգիստ ընդունել այն, ինչը մենք չենք կարող փոխել, արիաբար փոխել այն, ինչ կարող ենք փոխել, և խելամտորեն գիտակցել դրանց տարբերությունը:
– Միջնորդների կոչերին Բաքվի հակառակ գործողությունները կպարտադրի՞ միջնորդներին գնահատական տալ Ադրբեջանին, կարո՞ղ են ՄԽ համանախագահները, մասնավորապես՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ադրբեջանին սանձահարելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել: Եվ կարո՞ղ է նման քայլերի թվում Արցախի անկախության ճանաչումը լինել:
– Միջնորդները սեփական շահերից ելնելով են գործում: Եթե նրանք ղեկավարվեին արժեքներով, ապա այլ կերպ կգործեին ու արդեն վաղուց: Առանց ազդեցության մեխանիզմների՝ միջնորդությունը հանգեցնում է դատարկաբանության: Որո՞նք են ԵԱՀԿ Մինսկի խմբում արևմտյան զույգի` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերը Մինսկի խմբի եռյակում: Խոշոր առումով` ածխաջրածինները և նրանց անխափան տեղափոխումը շուկաներ, աշխարհաքաղաքականությունն ու լայնամասշտաբ պատերազմից խուսափումը: Այդ իսկ պատճառով խոսքը հռետորաբանությունից գործի չի հասնում: Ընդ որում` միջնորդները պետք է հավասարակշռություն պահպանեն կողմերի հանդեպ: Այդ իսկ պատճառով մոտ ժամանակներս ես Արցախի ճանաչման հարցում նրանց դիրքորոշման փոփոխություն չեմ տեսնում:
– Ո՞ւմ է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու փորձերի վերաբերյալ: Եվ ԵՄ-Ռուսաստան նոր պատժամիջոցների ֆոնին Մոսկվան խանդո՞վ է վերաբերվում ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը, արդյոք այն վտանգվա՞ծ է:
– Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ: Ընդհակառակը, 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից: Նման դիրքորոշման հիմքում շատ ուժեղ պրագմատիկ քայլ է, որը նպաստելու է այն միֆի վերացմանը, թե Ռուսաստանը, կայսերական նկրտումներից ելնելով, ընդլայնվում է` հանուն ընդլայնման:
– Ի՞նչ էին նշանակում վերջին շրջանում ՀՀ իշխանությունների և ՀՀ-ում ԵՄ դեսպանի հեռակա փոխադարձ հայտարարությունները: Որոշ փորձագետներ գտնում են, որ ՀՀ իշխանությունները դիտավորյալ լարեցին իրավիճակը:
– Մենք ապրում ենք որոշ ավանդական փոխգործակցության սխեմաների ու արձանագրությունների «կոտրման» ժամանակներում: Պաշտոնատար անձանց հաղորդագրությունները, ընդհուպ՝ մինչև նախագահներ, սոցցանցերում կարող են ջրի մեջ փոթորիկ առաջացնել: Տեղի է ունենում այդ մակարդակում կոմունիկացիաների ապաֆորմալացում: Մի կողմից՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է համապատասխան կոնվենցիաներով ամրագրված նորմերը պահպաներ: Լեհական կողմի համար ընդունելի՞ կլիներ, եթե այդ երկրում Հայաստանի դեսպանը սկսեր հրապարակավ մեկնաբանել ենթադրվող փոփոխությունները Լեհաստանի Սահմանադրությունում: Անհավանական է:
Այդպես կարող են անել Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանները: Ցավոք սրտի, վերջին տասնամյակներում ԵՄ-երկրների միջև որոշակի աստիճանակարգ է ձևավորվել, որտեղ «հին» Եվրոպան «նոր» Եվրոպայի հանդեպ հաճախ է հանդես գալիս վերակացուի դիրքերից, իսկ վերջիններս «ավագ եղբոր» դեր են կատարում «համագործակցության» խմբի անդամ երկրների հետ հարաբերություններում: Սկանդալից խուսափելու համար դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ բոլոր բարի մտադրություններով հանդերձ, կարող էր քննադատական խոսքերն ու առաջարկությունները լիազորել հ/կ-ների կամ ԵՄ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին:
Մյուս կողմից՝ ես այդքան նշանակություն չէի տա հրապարակավ ոլորտում կարծիքների փոխանակմանը, ինչպես դա արեցին հայկական որոշ պաշտոնատար անձինք: Հրապարակավ քարոզների ձևաչափը դժվար է ընդունել: Նման դիրքորոշման համար գոյություն ունեն կոմունիկացիոն այլ աղբյուրներ ու հնարավորություններ: Հուսով եմ, որ դա նյարդային ռեֆլեքսի վրա հիմնված արձագանք չէր, սակայն նման վարքագծից հատուկ քաղաքական շահ ևս չեմ տեսնում: