Գեղեցիկ վարսերը`որպես կանացի գեղեցկության գրավական
Դեռևս հնագույն ժամանակներում աշխարհի շատ ժողովուրդներ մազերին հատուկ նշանակություն էին տալիս: Վարսահարդարմամբ հնարավոր էր որոշել նույնիսկ մարդու հասարակական դիրքը:
Եգիպտոսում, օրինակ, նորաձև էին կեղծամներն ու, այսպես կոչված՝ երկրաչափական սանրվածքները, Հին Հունաստանում վարսերի հարդարման ձևն ընդգծում էր մարդու մարմնի կառուցվածքը, Հին Հռոմում կանայք ունեին երկար վարսեր, որոնք գանգրացնում և հյուսում էին տարբեր եղանակներով, Ռուսիայում կանայք երկար հյուսքերով էին, իսկ Հին Չինաստանում գերադասում էին վարսահարդարման ավելի բարդ տարբերակներ:
Մեր օրերում վարսերի նորաձևությունը փոփոխվում է անընդհատ` երկարից՝ մինչև չափազանց կարճ, սակայն մի բան անփոփոխ է. գեղեցիկ, փարթամ և առողջ վարսերը զարդարում են կնոջը և ընդգծում գեղեցկությունը:
Կարևոր է հիշել, որ վարսերն ամենօրյա խնամքի կարիք ունեն: Մազերը սիրում են օդ, լույս և առողջ սնունդ: Եթե մարդու օրգանիզմում ինչ-որ բան խաթարված է, առկա է, ասենք, մրսածություն կամ բարձր ջերմություն, ապա մազերը խունանում են, կորցնում փայլը, դառնում կոտրատվող:
Գեղեցիկ և առողջ վարսեր ունենալու համար անհրաժեշտ է
- հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից
- լիարժեք 8-ժամյա քուն
- պարբերաբար զբոսնել մաքուր օդում
- չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն
- արյան հոսքը դեպի մազերի սոխուկները տանող գլխի մերսում
- մոտ կեսժամանոց եթերայուղային փաթաթաններ, որոնք ամրացնում են մազերը և արագացնում դրանց աճը
- A, B, C, E խմբերի վիտամիններով, յուղերով, բույսերի էքստրակտներով հագեցած շամպուններ`ըստ մազերի տիպի
- գլուխը լվանալ ոչ շատ տաք ջրով
- թաց մազերը չսանրել
- հաճախակի փոխել մազերը բացելու գծերը (բախտը), որպեսզի այդ հատվածի մազերը չնոսրանան
- շաբաթը մեկ անգամ գործածել համապատասխան դիմակներ:
Եվ չնայած անընդհատ փոփոխվող մազերի խնամքի միջոցների տարատեսակ առկայությանը, միևնույն է, խնամքի տնական միջոցներն իրենց արդյունավետությամբ անգերազանցելի են:
Սնուցող և խոնավեցնող դիմակ
Տաքացրած կեֆիրը քսել մազերին և թողնել 40 րոպե, ապա սովորականի նման լվանալ շամպունով:
Դիմակ չոր մազերի համար
1 բանանը տրորել՝ մինչև համասեռ զանգված դառնալը, ավելացնել 1 ձվի դեղնուց, 2 ճ/գ ճակնդեղի, հնդյուղի (касторовое масло) կամ նուշի յուղ, լավ խառնել և քսել մազերին: 30-40 րոպե հետո լվանալ շամպունով:
Դիմակ յուղոտ մազերի համար
1 ոչ մեծ թթվաշ խնձորն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մի բուռ թթվաշ, լավ տրորած խաղող, 1 ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ: Խառնել, քսել մազերի արմատներին և թողնել 20-25 րոպե, ապա լավ լվանալ գլուխը տաք ջրով:
Մազերի աճը խթանող, փարթամություն և ծավալ հաղորդող դիմակ
1 ճ/գ սննդային ժելատինի փոշին լուծել 3-4 ճ/գ տաք ջրում, թողնել թրմվի 15 րոպե, մինչև ժելատինն ուռչի, ապա ավելացնել 1 թ/գ ձեր մազերի բալզամից: Լավ քսել մազերի ողջ երկայնքին և արմատներին ու գլխին անցկացնելով պոլիէթիլենե տոպրակ ու գլուխը սրբիչով փաթաթելով` ապահովել ջերմոցային էֆեկտ: 20 րոպե անց լվանալ շամպունով և բալզամով: Կրկնել շաբաթական 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը