Ինչու է «Սասնա ծռերի» վերաբերյալ գործը երկու մասով քննվում. սանկցիաներ՝ առաջին նիստի ընթացքում
Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանը քննում է 18 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը։
Քրեական գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով քննում է նաև «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամների վերաբերյալ գործը։ Վերջինիս որոշմամբ՝ դատական նիստն անցկացվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում։ Չնայած քրեական գործով ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանները դահլիճում չէին, ներս չէին մտել, դատական նիստի ընթացքում դատավորը պարզաբանեց նիստերի անցկացման կարգը՝ նշելով, թե ինչ սանկցիաներ կարող են կիրառվել, խնդրեց և պահանջեց միմյանց և դատարանի նկատմամբ հարգալից լինել։ Դատավորը բացատրեց դատավորին և դատական նիստերի քարտուղարին բացարկելու հիմքերը։
Պաշտպանական կողմը բարձրացրեց այն հարցը, որ երկու քրեական գործերը չեն քննվում մեկ վարույթում։ Դատավորը պարզաբանեց, որ երկուսն էլ ծավալուն գործեր են, և դատարանը նպատակահարմար չի գտել. քրեական գործերից մեկով մասնակցում է 14 ամբաստանյալ, մյուսով՝ 18, և 32 ամբաստանյալով քրեական գործ լսելը ֆիզիկապես հնարավոր չէ, դա է պատճառը, որ գործերը մեկ վարույթում չեն միացվել։ Պաշտպանական կողմը նկատեց՝ առկա են վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, որ մի քրեական գործով ձեռք բերված ապացույցը մեծ այլ գործով որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է։
Պաշտպանական կողմը բարձրացրեց նաև այն հարցը, որ ամբաստանյալների մի մասն այս պահի դրությամբ պաշտպան չունի, և նման պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել։ Դատավորն էլ ասաց, թե այս պահին նախապատրաստական փուլում են, ամբաստանյալների պաշտպանական իրավունքը չի խախտվի. ըստ նրա՝ եթե պաշտպանները կգան և ցանկություն կհայտնեն, կկրկնեն այն գործողությունները, որոնք ցանկանում են։ Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ դրսում պաշտպաններ կան։
Նշենք, որ այսօր ևս մի քանի պաշտպաններ չեն կարողացել մտնել նիստերի դահլիճ. վերջիններիս պնդմամբ՝ իրենց խուզարկության պահանջ է ներկայացվում։
Դատարանն անհարգալից վերաբերմունքի համար սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց բոլոր ամբաստանյալների նկատմամբ, բացի Արամ Մանուկյանից (նա վատառողջ է)։ Դատավորը նշեց, որ ավելի վաղ պարզաբանել էր, որ նախագահող դատավորի՝ նիստերի դահլիճ մտնելու ժամանակ բոլորը պարտավոր են կանգնել։
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ նշելով, որ իր պաշտպանը ներկա չէ։ Դատավորն էլ ասաց, որ հարկավոր է ոտքի կանգնել։ Սերգեյ Կյուրեղյանն էլ հարցրեց՝ արդյոք դատարանին չի՞ հետաքրքրում՝ ինչո՞ւ ոտքի չի կանգնում՝ նշելով, որ դրա համար շատ պատճառներ ունի։ Դատավորն ասաց, որ Արամ Մանուկյանին տեսնելով՝ հասկացել է, որ վերջինս առողջական խնդիրներն ունի, եթե առողջական խնդիրներ ունեն, պետք է հայտնեն դատարանին։ Սերգեյ Կյուրեղյանը հեռացվեց նիստերի դահլիճից։
Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատավորն ասաց, որ ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, սակայն դատավորի՝ նիստի դահլիճ մտնելիս՝ ամբաստանյալները կրկին ոտքի չկանգնեցին: Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալների մեծ մասի նկատմամբ և նրանցից 16-ին հեռացրեց դատական նիստերի դահլիճից, ընդմիջման ավարտից հետո կրկին բերվեցին դատական նիստերի դահլիճ։
Դատական նիստի ընթացքում դատավորը դատական սանկցիա կիրառեց նաև պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ. դատարանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով կդիմի Փաստաբանների պալատ։ Նշենք, որ ըստ դատավորի՝ արձանագրություն է կազմվել և ներկայացվել դատարան, որի համաձայն՝ նա հրաժարվել է զննության ենթարկվել։ Նշենք, որ դատարան էր ներկայացել նաև Մոնիկա Մարգարյանը։ Այժմ էլ դատարանն ընդմիջում է հայատարարել և քննարկում է մեկ այլ պաշտպանի վերաբերյալ հարցը։ Այսօր պաշտպանական կողմն արդեն տևական ժամանակ փորձում է հայտարարությամբ հանդես գալ, սակայն նրանց մինչ այժմ այդ հնարավորությունը չի տրվել։