Ի՞նչ նպատակ են հետապնդում Հայաստանին ուղղված Իսրայելի հայտարարությունները

Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այս հայտարարությունները միտված են երկու խնդիր լուծելու։

«Նախ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանին նման սպառազինություն վաճառելու համատեքստում Հայաստանում Իսրայելի նկատմամբ ձևավորվել է ոչ նպաստավոր ֆոն, ինչն օբյեկտիվորեն հասկանալի է։ Այս տեսանկյունից քարոզչական դաշտում փորձ է կատարվում լուծելու այդ ֆոնի որոշակի փոփոխության խնդիր։ Երկրորդ հարթությունը, ըստ ամենայնի, նպատակ ունի խթանել տրամադրությունները Հայաստանում, որպեսզի Հայաստանը ևս, մտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, սկսի ձեռք բերել իսրայելական զենք և զինամթերք։ Եթե առաջին հատվածի պարագայում հնարավոր է ակնկալել որոշակի փոփոխություն, թեև լինի Իսրայելը, Ռուսաստանը թե այլ երկիր, երբ զենք են վաճառում Ադրբեջանին, դա չի բխում մեր շահերից, և այդ զենքը վաղ թե ուշ կիրառվում է մեր դեմ։ Ապա երկրորդ հարթության մասով՝ Հայաստանը կարիք չունի իսրայելական սպառազինության, որովհետև նախ և առաջ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում ինքն է ձգտում ստեղծել սեփական ռազմաարդյունաբերական համալիր, և որոշ ոլորտներում արդեն իսկ հաջողել է այդ գործում, և երկրորդ՝ տարբեր սպառազինություններ ձեռք բերելու այլ հնարավորություններ էլ ունի Հայաստանը, և ավելի էժան գներով է դա կատարվում։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի մասին է»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա։

Հետևաբար, ըստ Ոսկանյանի՝ Իսրայելում պետք է մի կարևոր հանգամանք նկատի ունենան. «Եթե Բաքվի վարչակարգը, ինչպես հայտարարում են որոշ իսրայելցի փորձագետներ, այդքան վատն է, ապա շատ տարօրինակ է, որ շարունակում են զենք և զինամթերք մատակարարել այդ վարչակարգին»։

Իրանագետի խոսքով՝ իսրայելցի փորձագետների վերլուծություններում վերջին շրջանում տեսանելի է այն, որ Իսրայելը հույսը կտրել է, որ Իրանը կմատնվի անկայունության, որ այնտեղ տեղի կունենա վարչակարգի փոփոխություն.

«Ընդհակառակը՝ ուժեղացնելով իր դիրքերը Մերձավոր Արևելքում, Իրանը հայտնվել է իսրայելական սահմանին։ Նախկինում էլ «Հիզբալլահի» միջոցով Իրանի ներկայությունը նկատելի էր իսրայելական սահմանին, իսկ այժմ, ոչ միայն «Հիզբալլահի», այլ նաև իրանցի կամավորականների ներկայությունը Սիրիայի հարավային շրջաններում, ըստ էության, Իրանի սահմանները հասցրել է մինչև Իսրայել, ինչը չի կարող չանհանգստացնել Իսրայելին։ Հետևաբար՝ կարծես թե փորձ է կատարվում Իրանի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություններ շոշափել և միգուցե գտնել միջնորդ երկրներ, որոնք կարող են այդ խնդիրը կարգավորել։ Այս համատեքստում Հայաստանն էլ դիտարկվում է այդ երկրների շարքում։ Այլ հարց է, որ իրանական կողմը, նման ուժեղ դիրքեր ունենալով, այս պահի դրությամբ դժվար թե փորձ կատարի՝ իր հարաբերություններն Իսրայելի հետ նորմալացնելու»։

Ոսկանյանը նկատեց, որ Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի միայն նրա համար, որ սահմանակից է Իրանին. «Երկրորդ՝ պակաս կարևոր հանգամանքը ածխաջրածնային ռեսուրսներն են, բայց առաջնայինն այն է, որ Ադրբեջանը սահմանակից է Իրանին, և Ադրբեջանի տարածքն Իսրայելն օգտագործում է Իրանի դեմ գործողություններ կատարելու համատեքստում։ Եթե զուտ հիպոթետիկ պատկերացնենք, որ Իսրայելի և Իրանի հարաբերությունները նորմալացել են, ապա Ադրբեջանի արժեքը երկու երկրների պարագայում էլ կզրոյանա։ Դա, անշուշտ, մեզ համար շահավետ կլինի, բայց կրկնեմ՝ առայժմ դա իրատեսական չի թվում»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում նախ՝ նկատեց, որ Իսրայելն Իրանի համար մեկ ոխերիմ թշնամին է, իսկ հայ-իրանական հարաբերությունները մշտապես առանձնացել են իրենց կայունությամբ և դինամիկ զարգացման որակով։ Նա էլ է կարծում, որ Իսրայելն այդպիսով փորձում է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ակնարկներ անել.

«Կարող է առաջարկն ունենալ նմանատիպ նրբություն՝ օգտագործել Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները բարելավելու համար, որովհետև տարածաշրջանում հայ-իրանական հարաբերությունները տարբերվում են իրենց կայունությամբ և դինամիկ զարգացման որակով։ Բայց պետք է սպասել իրավիճակային փոփոխության և ավելի կոնկրետ առաջարկների»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ առաջարկը հեղհեղուկ է։

Իրանագետը նկատում է՝ Իսրայելը հստակ նշել է, թե ինչի համար է Ադրբեջանին զենք վաճառում. «Նրանք նշել են, թե վստահում են Ադրբեջանին, որ զենքը չի հայտնվի երրորդ պետության մոտ, այսինքն՝ զենքի ուսումնասիրության նպատակով չի հասնի երրորդ պետության, այս դեպքում՝ Իրանին։ Արդյո՞ք կունենան նմանատիպ վստահություն Հայաստանի հանդեպ։ Մի բան է՝ հայտարարություններ անել, այլ բան՝ կոնկրետ քայլերով ցույց տալ առաջարկի՝ իրականությանը մոտ լինելը։ Այս առումով՝ ես խիստ կասկածում եմ, որ, երբ Հայաստանից կոնկրետ ցանկություն լինի՝ զենքը ձեռք բերելու, Իսրայելը դա վաճառի»։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է կարծում՝ Իսրայելի կողմից ինչո՞ւ են նմանատիպ հայտարարություններ արվում, Տոնոյանն այսպես պատասխանեց. «Հավանաբար, որ ցույց տան՝ Իսրայելի միջամտությունը հակամարտությանը կողմնապահ չէ, այսինքն՝ պատրաստ են համագործակցել հակամարտության մյուս կողմի, մասնավորապես՝ Հայաստանի հետ։ Բայց իրականության մեջ այդպես չէ, Իսրայելը կողմնապահ է։ Իրանը հայտարարությունների մակարդակով անընդհատ հիշեցնում է Ադրբեջանին, որ Իսրայելի ներկայությունն ամենևին հաճելի չէ իրեն, և այս դեպքում, Իսրայելի կողմից արվող առաջարկները, թերևս, հավասարակշռելու միտում ունեն, այսինքն՝ Ադրբեջանին որոշակիորեն փրկելու իրանական ճնշումներից։ Պետք է հաշվի առնել, որ սա կարող է լավ չմեկնաբանվել նաև Իրանում։ Այս առումով՝ պետք է նախ և առաջ՝ առաջարկների դրական կողմը հաշվի առնել, բայց ամեն դեպքում, սա կարող է ունենալ բացասական հետևանքներ՝ հայ-իրանական հարաբերությունների տեսակետից»։

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ դժվար է ասել, թե արդյո՞ք կա քաղաքական որոշում Իսրայելի քաղաքական վերնախավի կողմից այս հարցում. «Իսրայելի քաղաքական վերնախավն էլ բազմաշերտ է ու բազմատարր։ Բայց մի բան պարզ է, որ Հայաստանում առկա հստակ դիրքորոշումները՝ կապված Ադրբեջանին վաճառվող իսրայելական զինամթերքի հետ, նաև որոշակի անհանգստություններ են առաջացրել Իսրայելի ներսում։ Դա կարծում եմ՝ դրական է։ Իսրայելը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում Հայաստանն ամենակայուն, ամենահեռանկարային երկիրն է։ Հետևաբար՝ Հայաստանի թշնամական երկրների հետ սիրախաղեր անելը Հայաստանում չի կարող ընդունվել ուրախությամբ։ Եվ հայկական դիրքորոշումներն էլ ազդում են Իսրայելի ներսում տրամադրությունների վրա, ինչի ապացույցը նաև այս հայտարարություններն են»։

Տեսանյութեր

Լրահոս