ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացում. Ե՞րբ կհաղթահարվեն խոչընդոտները
Տևական ժամանակ Հայաստանն ու Եվրոպական միությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Շուրջ երկու տարվա բանակցություններից հետո 2014 թվականից վիզաների ստացման ընթացակարգը դյուրացվեց և ուժի մեջ մտավ նաև Ռեադմիսիայի համաձայնագիրը: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը պաշտոնյաները դինամիկ են համարում։
Վերջին տարիներին Հայաստանը միացել է «Հորիզոն 2020», COSME ծրագրերին, մեկնարկել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ բանակցությունները: Սակայն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը դեռևս չի սկսվել և առկախված վիճակում է։
Օրերս ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ո՛չ օրերի, ո՛չ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ:
«Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս` վիզայի ազատականացմանը մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ, լուրջ պայմանավորվածություններ: Սա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը` արդյոք ժամանակը չէ՞՝ սկսել մտածել օրենսդրական հենքը նախապատրաստելու մասին: Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռվածության դրսևորում մեր գործընկերների կողմից: Եթե ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք ազատականացման գործում` սկսեք անել այս տնային աշխատանքը»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:
ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ պարտավորությունների ստանդարտ ցանկ կա, որը համապատասխան երկիրը պետք է կատարի, և առաջին հերթին՝ դա վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ։
«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ, Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։ Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- ասաց Բ.Նավասարդյանը։
Ըստ նրա՝ գործընթացը սկսվելուց հետո առնվազն 1 տարի կպահանջվի վիզաների ազատականացման համար, սակայն այն կարող է ավելի երկար տևել, եթե համապատասխան պարտավորությունների կատարումը հետաձգվի.
«Այս տարի և՛ ընտանեկան բռնության կանխարգելման, և՛ հակախտրականության օրենսդրության մասին հարցը հետաձգվեց, և հիմնական պատճառը, որ ներկայացվում էր, այն էր, որ հանրությունը դեռ պատրաստ չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միշտ էլ կարող են պատճառներ գտնել այդ հարցը հետաձգելու համար, եթե համարեն, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում բարենպաստ չէ, և որոշ չափով նաև մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում նույնպես կարող է խոչընդոտ լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ նշված 2 օրենսդրական փոփոխությունների հետ կապված՝ հակառակ գործընթացներ են տեղի ունենում Ռուսաստանում։ Ես չեմ բացառում, որ այս հարցի ներդաշնակեցումը Ռուսաստանի հետ կարող է քաղաքական կարևոր նշանակություն ունենալ։ Թեև դա արտահայտված չէ ԵԱՏՄ որևէ պարտավորության մեջ, բայց շատ լավ հասկանում ենք քաղաքական համատեքստը»։
Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, Բ.Նավասարդյանի կարծիքով, կարող է նպաստել, որ Հայաստանում գործընթացն արագանա. «Այն երկրների փորձը, որ այդ ճանապարհն անցել են, միշտ էլ օգտակար է, մասնավորապես՝ Վրաստանի դեպքում, որտեղ ավելի քիչ էին խոչընդոտները, քան Ուկրաինայում։ Հայաստանը կարող է որոշակի երկխոսության մեջ մտնել և նրանց փորձն ուսումնասիրել»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացմանը տանող առաջին քայլն ավելի քան 3 տարի առաջ ստորագրված 2 փաստաթղթերն էին՝ Վիզաների ստացման դյուրացված ընթացակարգի և Ռեադմիսիայի համաձայնագրերը, որից հետո Հայաստանը մի շարք լուրջ կարևոր քայլեր արեց մարդկանց տվյալների պաշտպանության, միգրացիոն ոլորտներում, կենսաբանական անձնագիր մտցվեց, քայլեր արվեցին նաև ԵՄ-ի կողմից.
«Այսինքն՝ դինամիկա կա։ Այժմ անհրաժեշտ են օրենսդրություն լուրջ փոփոխություններ, իսկ հակախտրականության և ընտանեկան բռնության օրենսդրության ընդունումը շատ զգայուն թեմաներ են։ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան դա արել են։ Թեև, կարծես վիզաների ազատականացումը դրա հետ կապված չէ, բայց անպայման մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունները պետք է արվեն։ Կարևորագույն հարց է նաև փողերի լվացման, կոռուպցիայի դեմ պայքարը, որ բացի օրենսդրական փոխոփություններից՝ պետք է իրական պայքար լինի։ Չես կարող իմիտացիոն պայքարել կոռուպցիայի դեմ, այսինքն՝ շատ շոշափելի պայքար պետք է սկսվի, ինչը մենք տեսանք Վրաստանի և Ուկրաինայի դեպքում։ Դրանից հետո շանս կբացվի՝ վիզայի ազատականացում ստանալու»։
Ս. Գրիգորյանի խոսքով՝ հակախտրականության քննարկումները շատ թեժ և բավական ցավոտ են, ոչ միանշանակ են ընկալվում, նաև ընտանեկան բռնության հետ կապված ձևակերպումները պետք է հստակ լինեն օրենսդրության մեջ. «Եվ հասարակությունում վեճեր, դժգոհություններ կային։ Ես համոզված չեմ, որ իշխանական ամբողջ կազմը կողմնակից էր դա այդպես հեշտ ընկալելու։
Գենդերային, սեքսուալ փոքրամասնությունների, կրոնական և այլ հարցերի հակախտրականության խնդիրը բավական ցավոտ է մեր տիպի հասարակությունների համար։ Դա է պատճառը, որ գործընթացը դանդաղ է գնում։ Դեռ 1-1.5 տարի քննարկումները կընթանան, մի օրում դրանք չեն ընդունվի։ Բայց այս կարգի օրենսդրական ակտերը պետք է հասարակության հետ քննարկել, և մասնագիտացված հ/կ-ները պետք է իրենց կարծիքը հայտնեն։ Ժամկետների խնդիր չկա, ոչ ոք չի ասում՝ արագացրեք»։
Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին լայն գործառույթների տրամադրումը, Ս.Գրիգորյանի կարծիքով՝ վկայում է, որ իշխանությունը հասկանում է, որ պետք է լուրջ քայլեր կատարվեն, և շոշափելի արդյունք լինի, որպեսզի այլ հարցերում ևս առաջընթաց ապահովվի։ Կենտրոնի նախագահը նշեց, որ այս պայքարը նշանակություն ունի ոչ միայն՝ վիզային գործընթացի հետ կապված, այլև՝ ԵՄ-ի կողմից ստացվող լուրջ աջակցության շարունակականության համար. «Դա փաթեթով է արվում, չի կարելի մի ոլորտում բարեփոխում անել, մյուսում՝ ոչ»։
Հարցին՝ արդյոք Մոսկվան կարո՞ղ է ընդդիմանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս ընթացքին, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Մոսկվայի արձագանքին որ նայենք, պետք է անկախությունից էլ հրաժարվենք։ Մոսկվային, բնականաբար, դուր չի գալիս նախկին ԽՍՀՄ տարածքի երկրի անկախ քայլերը»։
Այստեղ ուղղակի պետք է Ռուսաստանի հետ աշխատել, բացատրել, թե ինչու է դա մեզ պետք, բաց լինել, որ տեսնեն, որ դա իրենց դեմ ուղղված չէ։ Այն, որ մեր քաղաքացիները ելումուտ ունենան ԵՄ, Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Այն, որ մենք օրենքները փոխենք, ավելի ժողովրդավարական լինենք, ի՞նչ վտանգ։ Ոչ մի։
Ռուսաստանի հետ ակտիվ աշխատում ենք, այստեղ ռազմաբազա ունեն։ Պետք է բացատրել։ Ի վերջո, Ռուսաստանը մեզ ոչ մի բանով չի օգնում, դա գաղտնիք չէ, ավելին՝ գազի գինն արհեստական բարձր պահելով՝ ապրում է մեր հաշվին։
Այսինքն՝ եթե գազի գինը 2 անգամ ավելի բարձր է, և այդ գազը մեզ մատակարարում է «Գազպրոմ» մոնոպոլիստը, գումարի կեսը գնում է իրենց գրպանները, որն արդարացված չէ։ Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանը մեզ ոչ մի բանով չի աջակցում։ Իսկ եթե չի աջակցում, ապա պահանջել էլ չի կարող։ Այլ բան, որ գումարներ ուղարկեին, աջակցեին, կարող էին նաև պահանջել։ Ես կարծում եմ, որ իրավունք չպետք է ունենան մեզ ճնշելու և չհամաձայնելու մեր քաղաքականությանը»։