Նորից զոհեր և կրկին կորստի մեծ ցավ. «Ազգ»
«Ազգ» թերթը գրում է. «Այսօր էլ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 և 120 մմ-ոց ականանետեր:
Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ, և մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով սադրիչ քայլերն անմիջապես կանխում ենք: Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է` պատրաստ որևէ պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:
Լավ է ասված` hակազդիչ գործողություններով յուրաքանչյուր սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք: Իսկ զոհերը՞: Կանխել նշանակում է թույլ չտալ որևէ գործողություն, չունենալ կորուստներ: Այդ խրոխտ տեղեկատվությունը կանխելու մասին` արդյո՞ք համոզիչ է որդեկորույս մոր համար, արդյո՞ք տեղի չի տա արտագաղթի նոր ալիքի: Իսկ ավելի գործնական չէ՞ր լինի, եթե այդ կանխումներն սկսվեին քաղաքացիական ոլորտից: Որ կառավարության կամ քաղաքապետարանի երբեմն կիսագրագետ երկարաոտ քարտուղարուհին երկու-երեք անգամ բարձր վարձատրվի, քան տարիների ու գիտական ծանրակշիռ վաստակ ունեցող պրոֆեսորը, որ ասենք գործադիր իշխանության մի ոլորտը (օրինակ` իրավական, բանկային և այլն) մի քանի աստիճան բարձր դասվի, քան` մյուսը (օրինակ` կրթության, մշակույթի և այլն):
Ասելիք շատ կա, բայց չեմ ցանկանում ավելի մանրամասնել, քանի որ դրանով հավանաբար կխոցվեն զոհերի հարազատների սրտերը, քանի որ հերթական անգամ չեմ ուզում լսել «ի՜նչ ես կորցրել, ինչ ես ման գալիս» տխուր ու ցավաշատ խոսքերը: Սակայն բոլորիս սթափության կոչ եմ անում, որ զոհված տղաները մերն են, ցավն էլ է մերը, իսկ ամեն անգամ ատամներ կրճտացնելով հաջորդ զոհին չես փրկի…
Սուրեն Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ.
Հ.Գ.- Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ նոր ցավալի լուր ստացվեց` կրկին զոհ ենք ունեցել սահմանին:
18.06.2017, Երեւան
1) Արցախյան պատերազմում Արցախի զոհերի թիվը 3.300-ից ավելի է: Այս թիվը ցույց է տալիս, որ պատերազմի տարիներին ամենածանր բեռը ընկած է եղել հենց արցախցի ազատամարտիկների ուսերին, ինչը բնական է, քանի որ պատերազմը ընթանում էր Արցախում:
3.300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է հենց պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը` 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր: Ընդ որում, 3.300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 1.500-ի սահմաններում է:
Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ:
2) Եթե սրանց էլ գումարենք կորուստների թիվը մոտենում է 10 հազարի սահմաններին:
3) Հայաստանի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է շուրջ 8.250, որոնցից գրեթե 400-ը` առաջին կարգի, 3.800-ը`երկրորդ կարգի եւ ավելի քան 4.000-ը`երրորդ կարգի: Պատերազմի տարիներին` 1991-1994 թթ, եւ զինադադարից հետո Հայաստանը ունեցել է շուրջ 200-ական առաջին կարգի հաշմանդամներ: Արցախի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է գրեթե 2.200, որոնցից 150-ը` առաջին կարգի, մոտ 1.200-ը` երկրորդ կարգի եւ շուրջ 850-ը` երրորդ կարգի: