Դպրոցի քննական շրջանը և աշակերտի հոգեբանական սթրեսը

Յուրաքանչյուրս էլ մասնակից ենք եղել դպրոցի քննական շրջանին, և վստահ եմ՝ ամենքս ունենք յուրահատուկ հիշողություններ, որոնք շատ անհատական կերպով ազդել են մեր ներսում ապրող դեռահասի՝ անձի ձևավորման վրա: Դրանք արագ սրտխփոցներն են, պատասխանատվության զգացումը, միտքը, որ ամեն բան մոռացել ենք, նախօրեին անքնությամբ տառապելը, տագնապայնությունը, և այլն: Ընդունված է ասել, որ քննությունները, որոնք ենթադրում են գիտելիքների ստուգում, իրականում մարդուն գցում են հոգեբանական ծանրաբեռնվածության մեջ՝ ինչպես ֆիզիոլոգիական, զգայական, այնպես էլ՝ մտավոր: Եվ այդ ծանրաբեռնվածությունը կիսվում և մեղմանում է, երբ ծնողի գրագետ միջամտություն է լինում՝ աջակցության տեսքով:

Ինչպե՞ս օգնել դեռահասին՝ հաղթահարել քննական լարվածությունը

Միայն ծնողն է, որ լիարժեք ճանաչելով սեփական երեխային՝ կարող է արդյունավետ օգնություն և աջակցություն ցուցաբերել քննական շրջանում: Հոգեբանական առողջ քայլ կլինի, եթե ծնողն այդ ընթացքում զերծ մնա դաստիարակչական և բարոյախրատական արտահայտություններ հնչեցնելուց: Միևնույն է, դա ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Պետք է երեխայի համար այդ լարված և հոգեբանական ճնշում առաջացնող մթնոլորտը խաղաղեցնել քաջալերող արտահայտություններով: Նրան պետք է վստահություն ներշնչել, որպեսզի հավատա իր ուժերին, ներշնչել, որ քննության ժամանակ նա ամեն բան կհիշի, և, որ երեխայի մոտ ամեն բան կստացվի: Անհրաժեշտ է երեխայի համար լինել ապրումակցող ընկեր, այլ ոչ թե՝ ևս մեկ ուսուցիչ, որը հիշեցնում է նրա թերությունների և անհաջողությունների մասին:

Եթե երեխան շատ տագնապային է, պետք է նրա հետ անընդհատ խոսել: Լռությունը երեխային ավելի է գցում հուզականության մեջ: Խոսքով թեթևացրեք նրա մտքերը, պատմեք սեփական քննության ընթացքի մասին, հիշեք, թե ինչպես եք հաջողությամբ այն հանձնել, դրական և զվարճալի պատմություններ պատմեք այդ երևույթի հետ կապված: Վերջապես, երեխային հուշեք, որ քննությունն ընդամենն անցում է՝ մի փուլից մյուսը, դա ոչ վճիռ է, ոչ ամեն ինչի ավարտը: Դրանով չէ, որ երեխայի անձը պետք է ինքնադրսևորվի, բայցև կարևորեք այն՝ որպես սեփական գիտելիքները գնահատելու հնարավորություն:

Կարդացեք նաև

Դպրոցականները, մանավանդ՝ ավագ դասարաններում սովորող երեխաները, ունենում են առաջադրանքներ կատարելու իրենց սեփական ռիթմն ու ժամանակը: Պետք չէ կոտրել կամ խախտել այդ ռեժիմը, քանի որ երեխաներ կան, որոնք մտավոր աշխատանքն առավել արդյունավետ կատարում են առավոտյան, ոմանք՝ երեկոյան: Այս դեպքում ծնողի առաքելությունն է՝ վերահսկել աշխատանքի և հանգստի հերթափոխը: Չպետք է երեխային դրդել ֆիզիկական հյուծվածության, խրախուսեք հանգիստը, խաղը, դրական մթնոլորտը, երեխան պետք է ցանկությամբ կատարի այն, ինչ իրականացնում է, որպեսզի նյութի բովանդակության ընկալումն առավել լավ պահպանվի հիշողության մեջ: Երբ ուղեղում արտադրվում է երջանկության և ուրախության հորմոնը, օրգանիզմն ավելի պատրաստակամ է աշխատունակության, քան ստիպողաբար որևէ գործողության:

Կարևոր է նաև հաշվի առնել ուսումնասիրվող առարկայի առանձնահատկությունը: Հումանիտար առարկաները պետք է անընդհատ վերբալ կերպով պատմել, խոսել դրա մասին, առօրյա օրինակներով բացատրել: Իսկ ճշգրիտ կամ քերականական գիտելիքներ պահանջող առարկաները հստակ իրազեկվածություն են պահանջում: Եթե այն մասամբ բացակայում է, շեշտադրում պետք է կատարել որոշակի մասերի ուսուցման և կրկնման վրա: Մասնավորապես՝ նրանց, որոնք ավելի արդիական են տվյալ քննության հարցարանում:

Ամբողջ ծրագրային կրկնումն ավելորդ ծանրաբեռնելու է երեխային: Եթե ավելի գլոբալ դիտարկենք խնդիրը, ապա, որպես կանոն, երեխաներն այս ընթացքում հանձնում են մի քանի քնություններ, որոնցից յուրաքանչյուրի հանձնումը մի քայլ առաջ է դեպի մյուս քայլը: Արդյունքները լինում են տարբեր՝ դրական և բացասական: Դրականը, բնականաբար, թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար տոնի է վերածվում: Իսկ բացասականը, անհրաժեշտ է, որ երեխայի և ընտանիքի կողմից ընդունվի՝ որպես փորձի ձեռքբերում, այլ ոչ թե լիարժեք ձախողում և անհաջողություն: Ծնողի հուսահատությունը երեխան վերագրում է իր անձին՝ որպես անհաջողակ, և այդպես էլ պիտակավորումը պահելով ենթագիտակցականում՝ ապրում է անհաջողակի կյանքով: Պետք է քննարկել ձախողման պատճառները, և փորձից ելնելով՝ ավելի պատրաստված լինել հաջորդ շրջանին:

Առաջարկներ ծնողներին

  • Հստակ ունեցեք քննական առարկաների ծրագիրը, բաժանեք այն հստակ օրերի մեջ, և հետևեք, որպեսզի այն իրականացվի օրվա կտրվածքով:
  • Մի նախատեք երեխային, եթե նա չունի առարկային համապատասխան նյութի ամբողջ ծավալը: Հոգատար ծնողը կգտնի բացակայող ինֆորմացիան՝ մինչ երեխան աշխատում է առկա նյութի հետ:
  • Այդ ընթացքում պետք է զերծ մնալ ուսման հետ կապված կոնֆլիկտային հարցերի քննարկումից: Խթանեք պատասխանատվության զգացողության առաջացումը պատրաստվելու ընթացքում: Քաջալերեք, որպեսզի երեխան սկսի հավատալ սեփական ուժերին:

Ըստ էության, երեխաները պարզապես քննություն չեն հանձնում, նրանք սովորում են հաղթահարել դժվարությունները: Գիտելիքների նման ստուգումը բնավորության, կամքի ուժի, հարկ եղած դեպքում՝ ինքնարտահայտման, սեփական ձեռքբերումները ներկայացնելու, հուզականությունը կառավարելու փորձաշրջան է:

Տեսանյութեր

Լրահոս