«Ապրիլյան պատերազմը եկավ և քանդեց այդ բոլոր հայտարարությունները». Էդմոն Մարուքյան

Հայաստանի անվտանգությունն ապահովում է Հայաստանը. անվտանգություն կարող ենք ապահովել, եթե հզոր տնտեսություն ունենանք, իսկ հզոր տնտեսություն կարող ենք ունենալ, եթե Հայաստանը եվրոպական մոդելի պետություն դարձնենք: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության ջատագովները երևի այնքան երկար ժամանակ չեն խոսել այս գործընթացների մասին, կամ խոսել են, չի լուսաբանվել, որ մենք ունենք իրավիճակ, երբ, օրինակ՝ օրեր առաջ նորընտիր, 6-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորներից մեկն ամբիոնից ասում էր, որ Հայաստանն այլընտրանք չուներ, մենք այլ տարբերակ չունեինք, որևէ այլ միություն մեզ չէր առաջարկում, կամ տնտեսական, առևտրային այլ համագործակցություն չէին առաջարկում, և մենք գնացինք ԵԱՏՄ: Սա հայտարարության մի մասն էր: Հայտարարության երկրորդ մասում նույն պատգամավորը նաև ասաց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Հայաստան-Եվրամիություն, կամ ընդհանրապես այլ առևտրային միությունների հետ համագործակցության կամ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու համար: Սա երկրորդ հայտարությունը, որ կրկին իրականությանը չի համապատասխանում:

Երրորդ հայտարարությունը. Նա ասաց, որ մենք նաև անվտանգության խնդիր ենք լուծում՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով: Ես ուզում եմ իմ խոսքը սկսել՝ այս երեք թեզերը հերքելով: Բնականաբար, ես ելույթ ունեցա և պատասխանեցի, բայց շատ կարևոր է, որ մենք խոսենք այս թեմաների մասին, և մարդիկ իրապես իրազեկ լինեն, որովհետև այնպիսի տպավորություն է, թե այդպես է:

Հայաստանն ուներ շատ կարևոր այլընտրանք, և Հայաստանը կարող էր վավերացնել Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ առևտրի համաձայնագիրը և լայնամասշտաբ բարեփոխումներ սկսել Հայաստանի Հանրապետությունում: Որոշակի հարցեր կան, ասում են՝ եթե վավերացնեինք, ի՞նչ էինք անելու, ինչպե՞ս էր տնտեսությունը զարգանալու: Ինձ համար առաջին կարևոր հանգամանքն այն տնտեսական, իրավական աուրան էր, որ պետք է ստեղծվեր Հայաստանում, որի արդյունքում Հայաստան ներդրումներ կգային, ինչը մենք այսօր չունենք, այդ հնարավորությունն այսօր չկա ԵՏՄ անդամակցության արդյունքում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանը սահմանափակված կամ մեկուսացված է համագործակցությունների կոնտեքստում, քանի որ ԵԱՏՄ համաձայնագիրն արգելք ունի, որը թույլ չի տալիս ազատ առևտրի այլ համաձայնագիր կնքել այլ երկրների հետ, դա կարող ենք անել միության միջոցով.

«Օրինակ՝ Վրաստանն օրեր առաջ Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել: Հայաստանն իրեն չի կարող նման բան թույլ տալ, որովհետև այդ գործընթացը պետք է ընթանա ԵԱՏՄ շրջանակներում, և ես ցանկանում եմ խիստ հերքել այն հայտարարությունները, որ մեզ ոչինչ չի խանգարում: Մյուս հանգամանքը՝ կապված անվտանգության հետ… Ակնհայտ է, որ Եվրասիական միությունն անվտանգային մարմին չէ, բայց մյուս կողմից՝ Հայաստանի անվտանգության համակարգի զարգանալու որևէ քայլեր չենք տեսել այս տարիներին:

Եվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո ավելի շատ զենք է վաճառվել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից, քան մինչ այդ: Սա մյուս կարևոր հանգամանքն է, որ պետք է ֆիքսենք: Ապրիլյան պատերազմը եկավ և քանդեց այդ բոլոր հայտարարությունները՝ մենք այլընտրանք չունեինք, մենք անվտանգության խնդիր էինք լուծում, և մենք, ըստ էության, հիմա սահմանափակված չենք: Մենք այլընտրանք ունեինք, մենք անվտանգության խնդիր չեն լուծել, և մենք սահմանափակված ենք»:

Նա անդրադարձավ նաև այն պնդումներին, թե Հայաստանը կարող է զարգանալ այլ մոդելներով: Ըստ նրա՝ Հայաստանը կարող է զարգանալ միայն եվրոպական մոդելով՝ եվրոպական մոդելի պետություն լինելով, իր ինստիտուտները զարգացնելով, համակարգը խարսխելով մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների վրա և ազատ հասարակություն, ազատ տնտեսություն ստեղծելով, որի արդյունքում Հայաստանում կսկսեն զարգանալ և տնտեսությունը, և պետական ինստիտուտները, ինչի արդյունքում կսկսի դանդաղել արտագաղթը, կսկսվի ներգաղթ, կլինեն տնտեսական կարևոր ներդրումներ:

«Երկու օր առաջ ես մասնակցում էի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որն անցկացվում էր Թբիլիսիում: Եվ Վրաստանի նախարարը զեկուցելու ընթացքում ասաց, որ առևտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է Ասոցացման համաձայնագիրը վավերացնելուց հետո: Սրանք փաստեր են: Շատ հեռուն հարկավոր չէ գնալ, կարող ենք պարզապես մեր հարևան երկրում տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Տարեկան մոտավորապես մեկ մլն հայ տուրիստներ դա տեսնում են՝ գնալով Վրաստան հանգստանալու:

Ամանորին, Սուրբ Ծնունդին, ամռանը գնում են և տեսնում, որ, երբ համակարգն աշխատում է, ազգային առանձնահատկությունների խնդիր չկա: Շատ դեպքերում մեզ նաև ասում են, որ մեր ազգային առանձնահատկությունները թույլ չեն տալիս պայքարել կոռուպցիայի դեմ, ճանապարհային ոստիկանները կամ այլ մարմիններ անպայման պետք է թաթախված լինեն դրա մեջ: Ազգային առանձնահատկության որևէ խնդիր չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով քննարկվող համաձայնագրին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ սա կարևոր է բարեփոխումների դուռը բաց պահելու համար, որը ԵՄ-ն չի փակել Հայաստանի առջև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Նա նշեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրացիան, Հայաստանը՝  որպես եվրոպական մոդելի պետություն տեսլականն այլընտրանք չունի, Հայաստանը կարող է զարգանալ միայն այս ճանապարհով:

«Դրանից հետո առաջ է գալիս անվտանգության hարցը՝ ինչպես ենք տեսնում անվտանգության խնդրի լուծումը: Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել միայն Հայաստանի Հանրապետությունը: Մենք դա բազմիցս տեսել ենք: Երբ հարձակվում են Տավուշի մարզի վրա, Արցախի վրա, Հայաստանի անվտանգությունը Հայաստանն է ապահովում, և այդ անվտանգությունը մենք կարող ենք ապահովել, եթե հզոր տնտեսություն ունենանք:

Հզոր տնտեսություն կարող ենք ունենալ, եթե Հայաստանը եվրոպական մոդելի պետություն դարձնենք: Այլընտրանք պարզապես չկա: Հույսներս դնենք, թե ով է գալու, մեզ պաշտպանի… ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հստակ տեսլական ունեն՝ Հայաստանի՝ եվրոպական մոդելի պետության ընթացքն անկասելի է. այն կարող է դանդաղել, ինչ-որ պահի ետ մղվել մարտահրավերների պատճառով, բայց դա անկասելի է, քանի որ դա ժողովրդի պահանջն է, այդ գործընթացը սկսվել է Հայաստանի անկախացումով:

Էդմոն Մարուքյանը նաև կարևորեց, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման խնդիրը ևս քննարկման հարց լինի, և կարողանանք լուծել այդ խնդիրը. «Ես հասկանում եմ, որ մենք ասոցիացված անդամ չենք, չենք վավերացրել այդ համաձայնագիրը, բայց բավական բարեփոխումներ ենք անցկացրել՝ սահմանային անցակետերի, անձնագրերի և այլ հարցերի հետ կապված, ինչը Հայաստանին կարող էր թույլ տալ հետևել Վրաստանի օրինակին, և Հայաստանի քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան առանց վիզաների այցելել Շենգեն տարածքի երկրներ»:

Տեսանյութեր

Լրահոս