
Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում պատգամավորական մանդատից հրաժարված պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանին, Խաչիկ Մանուկյանին և Հարություն Ղարագյոզյանին խորհրդարանում կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր են «Ծառուկյան» խմբակցության այլ պատգամավորների հրաժարականներ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Այս պահին ես նման տեղեկություններ չունեմ: Ունենք այն, ինչ ունենք»:
Հարցին՝ որտե՞ղ է դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Իշխան Զաքարյանը և ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ Իշխան Զաքարյանը տարաձայնություններ ունի դաշինքի ղեկավարության հետ, Տոնոյանը պատասխանեց.
«Իշխան Զաքարյանն Ազգային ժողովում լինում է: Ես այդ մասին տեղյակ եմ, հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, նա Մոսկվայում է: Մեր դաշինքում ձեր նշած անձանց միջև որևէ տարաձայնություն չկա, ամեն ինչ կարգին է: Ես որևէ տեղեկություն չունեմ, այս պահին ունենք այն, ինչ ունենք»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Իշխան Զաքարյանին կառավարությունում պաշտոն են խոստացել, և նա կլինի մանդատից հրաժարվող հաջորդ պատգամավորը՝ պատգամավորն ընդգծեց, որ մամուլի հրապարակումներին չի կարող անդրադառնալ, սակայն Իշխան Զաքարյանից նման մտադրության մասին չի լսել: