«Շատ լավ պատվեր է». Աշոտ Խուրշուդյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
«Ես կասկածում եմ, որ ամերիկացիները կգան և Հայաստանում նման ներդրումներ կանեն, որովհետև բազմաթիվ ռիսկեր կան։ Եթե նույնիսկ անեն ներդրում, դա կարող է վարկի տեսքով լինել, այսինքն՝ վարկերը տան՝ ռիսկերը թողնելով մեր երկրի վրա։ Երբ ասում ենք՝ ներդրում, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը գա և այստեղ ինչ-որ բան ստեղծի. տարբեր ֆորմատներով ներդրումներ կարող են լինել։
Ամեն դեպքում, այն, որ էներգետիկ համակարգում ներդրումների մեծ դաշտ ունենք, փաստ է, որովհետև էներգետիկ արտադրողները հնանում են, և նորերը պետք է ստեղծվեն»,- 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 մլրդ դոլար ներդրում անելու մասին հայտարարությունը՝ ասել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
Խոսելով ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Ա. Խուրշուդյանն ասել է, որ ելույթում ամեն ինչ կարևոր էր.
«Առաջին կարևոր բանը հենց երկարաժամկետ ծրագրի մասը շեշտելն էր։ Բնական է դրա մասին խոսելը, որովհետև ընտրությունների ժամանակ հենց Հայաստանի հեռանկարի խնդիրն էր օրակարգ բերվում, քանի որ շատ քիչ աճերով, դեմոգրաֆիկ խնդիրներով, հասկանալի է, որ՝ «ո՞ւր ենք գնում» հարցն էր առաջանում, և պետք էր պատասխանել։ ԱԺ ելույթով նախագահը փորձեց այդ պատասխանները տալ, որոնք, այսպես ասած՝ ինչ-որ ռազմավարական, քաղաքական նշանակետեր էին։ Քաղաքական իր թիմին նա հանձնարարեց մշակել՝ մինչև 2050թ. հեռանկարին ինչպե՞ս ենք հասնում։
Այսինքն՝ որպես պատվեր իր քաղաքական թիմին՝ շատ լավ պատվեր է, թող քաղաքական թիմն աշխատի և ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում այդ ցուցանիշներին հասնելը, որովհետև, եթե նայենք մեր ազգ-պետության ապագային, ապա դրա մասին խոսակցությունը պարտադիր պետք է լինի։ Բայց այդ խոսակցությունն ինչպե՞ս կդառնա գործ, ի՞նչն է խոչընդոտում, ա՛յ դա ուղերձում չկա»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: