«Հասարակության մեծ մասը մի գիրք չի գնում անգամ». Արմեն Մարտիրոսյան
«Գիտելիքամետ հասարակությունը չի կարող ապրել առանց գրքի, մենք այլ արժեհամակարգ ունենք, սա է մեր խնդիրը: Մեր լեզուն վտանգի տակ է: Հասարակության մեծ մասը մի գիրք չի գնում անգամ: Սովետական Միությունում կարդում էին, իսկ Հայաստանում չեն կարդում: Փլուզվող, դեգրադացվող վիճակ է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով՝ պատճառը բոլորովին էլ ինտերնետը չէ, քանի որ ինտերնետ կա և՛ Վրաստանում, և՛ ԱՄՆ-ում: Աշխարհի տենդենցը հետևյալն է. թղթե գրքի քանակն աճում է ավելի արագ, քան էլեկտրոնային գրքինը. «Պարադոքս է, բայց փաստ է»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ լեզի զարգացման միակ ճանապարհը թարգմանչական աշխատանքն է, որը պետք է կատարվի պարտադիր օրիգինալ լեզվից: Այսօր կա առնվազն 60 լեզու, որից թարգմանիչներ չունենք: «Երբ մտանք այս թարգմանչության շուկա, 7 լեզվից կար թարգմանություն, այսօր արդեն 18 լեզվից «Անտարեսը» կատարում է թարգմանություններ: Այսինքն՝ 18 լեզվի մշակույթից հայոց լեզու տեղեկատվություն է գալիս, հայոց լեզուն թարմանում է, ուժեղանում է, ժամանակակից է դառնում»:
Անդրադառնալով Թուրքիայում հայոց լեզվի պահպանմանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ շատ ստեղծագործություններ չեն թարգմանվել արևելահայերենից, քանի որ արևմտահայ մասնագետները ներկայացրել են թուրքական իշխանություններին, որ սրանք երկու տարբեր լեզուներ են, և մեկը մյուսին չեն կարող փոխարինել. պետք է միայն արևմտահայերենից թարգմանվի: Այսօր հայերենից թուրքերեն թարգմանությունն արժի 40 դոլար, նման գին չկա աշխարհում: Այս պատճառով թուրքական կառավարության կողմից նախատեսած թարգմանություններ չեն կատարվել երկար տարիներ:
Հայաստանում «Անտարես» հրատարակչության կողմից վաճառվող գրքերի տարեկան միջին թիվը 2015 թվականին 40 էր, 2016 թվականին՝ 48: Սրանք, ըստ բանախոսի, շատ փոքր թվեր են, քանի որ 48 գիրքը մեր ժողովրդի համար խայտառակություն է:
Արմեն Մարտիրոսյանը մեծ կարևորություն տվեց գրադարաններին, քանի որ հենց նրանք են առաջին գնորդը, իսկ Հայաստանում գրադարանները գիրք չեն կարողանում գնել: Տարին 200.000 անուն գիրք է հրատարակվում, որից ընդամենը 10 գրադարանի է երևի գիրք հասնում: 1450 դպրոցական գրադարան ընդհանրապես գիրք չի ստանում՝ բացի դասագրքից:
«Երբ հասարակությունը հասկացավ, որ հովվի խելացի զավակը պետք է այլ գործով զբաղվի, ոչ թե նորից հովիվ դառնա, այդ պահից ստեղծվեց գրադարանը: Գրադարաններն ամենաթանկ արժեքն ունեն, բայց հասարակությունը հասկանում է, որ պետք է միջոցներ ծախսվեն այդ բնագավառի վրա, որ գիտելիքը պահպանվի ու կրկնապատկվի: Բայց հիմա ոչ ոքի հետաքրքիր չէ: Կառավարությունը խնդիրը թողնում է համայնքի վրա, ասում է՝ ես պետություն եմ, համայնքի բյուջեի հետ գործ չունեմ, բայց շատ համայնքային բյուջեներ ձևավորվում են պետական բյուջեից»:
Անի Թորոսյան