Բաժիններ՝

Երիտասարդական աշխատանքի և աշխատողի ինստիտուտի ներկայիս վիճակը և կայացման հեռանկարները. ԵՈՒԻ հետազոտություն

Հայաստանում երիտասարդական աշխատանքում ներգրավված են հիմնականում չամուսնացած, քաղաքաբնակ, մասնագիտական կրթություն ստացող կամ ստացած երիտասարդներ, ում տարիքը չի գերազանցում 25-ը, իսկ երիտասարդական աշխատանքներին մասնակցում են ավելի շատ աղջիկները, քան տղաները:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացրել է «Երիտասարդական աշխատանքի և աշխատողի վերաբերյալ հետազոտություն՝ «Ինստիտուտի ներկայիս վիճակը և կայացման հեռանկարները» թեմայով, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի առկա վիճակն ու ինստիտուտի կայացման նախադրյալները:

Քանի որ երիտասարդական աշխատանք/երիտասարդական աշխատող տերմինը նոր է մեր երկրում, հետազոտության մասնակիցների կողմից տարբեր սահմանումներ են նշվել: Ընդհանրացնելով՝ Երիտասարդական աշխատանքը գործունեության ձև է, որի նպատակն է ներգրավել երիտասարդներին երիտասարդական հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ), խմբերի և երիտասարդության խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների և սուբյեկտների կողմից իրականացվող՝ երիտասարդության հիմնախնդիրների, նրանց կարիքների լուծմանն ուղղված աշխատանքներում՝ նպաստելով վերջիններիս անձնային, կրթական, մասնագիտական աճին և հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութային, կրոնական կամ քաղաքական կյանքում երիտասարդների  մասնակցությանը:

Երիտասարդական աշխատանքի համատեքստում գործող հիմնական կառույցներն ու դերակատարներն են՝ քաղաքականություն մշակողները, ֆինանսավորող մարմինները, երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպությունները, կառույցները, երիտասարդական հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, իրավաբանական անձանց միությունները, պետական կառույցներին կից գործող երիտասարդական հովանոց կազմակերպությունները, քաղաքական կուսակցություններին կից գործող երիտասարդական կառույցները, կրթական հաստատություններին կից գործող կառույցները, միավորումները, կրթական հաստատություններին կից գործող կառույցները, առաքելական եկեղեցուն և կրոնական կազմակերպություններին կից գործող կառույցները, երիտասարդական աշխատողներն ու երիտասարդությունը:

Խոսելով երիտասարդական աշխատողի մասին՝ հետազոտության մասնակիցները նշել են այն որակները, որոնք պետք է առկա լինեն երիտասարդական աշխատողի մոտ, սակայն հատկանշական է, որ մասնակիցները հիմնականում նշում էին՝ «Երիտասարդական աշխատողը պետք է լինի․․․», և գրեթե ոչ ոք չի նշել, որ «Երիտասարդական աշխատողը ․․․ այսպիսին է», ինչը խոսում է ոլորտի և երիտասարդական աշխատողի կերպարի չկայացվածության մասին։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդական աշխատանքի գործունեությունը ծավալվում է հետևյալ ձևաչափերով՝ կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ՝ ուղղված երիտասարդների անձնական և մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, հանդիպումների, միջոցառումների կազմակերպում, տեղեկատվական գործունեություն՝ տեղեկատվական թերթիկների տարածում, տեղեկատվության և նյութերի տարածում համացանցում և ԶԼՄ-ներում, խորհրդատվական  գործունեություն, որը ենթադրում է աջակցություն երիտասարդներին իրենց խնդիրների լուծման ճանապարհին:

Հետազոտության մասնակիցները երիտասարդական աշխատողին ներկայացվող անձնային պահանջներից առանձնացրել են՝ կրեատիվությունը, հանդուրժողականությունը, հավասարակշռվածությունը, վերլուծական և քննադատական մտածողոթյունը՝ ներառյալ ինքնագնահատումը, մասնագիտական պահանջներից՝ կոնֆլիկտի կառավարում, երիտասարդների շահերի պաշտպանություն, կառավարություն և առաջնորդություն:

Ոլորտի ներկայացուցիչները գտնում են, որ երիտասարդական աշխատանքը պետք է անշահախնդրորեն միտված լինի երիտասարդների՝ սեփական իրավունքների ուղղությամբ իրազեկվածության բարձրացմանը, երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը, մի գաղափարի շուրջ երիտասարդների միավորմանն ու առաջնորդմանը,  երիտասարդների կարիքների ու ներուժի ճիշտ գնահատմանն ու չկոռումպացված աշխատանքի ապահովմանը:

Դուրս են բերվել ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի կարևոր մարտահրավերները՝ երիտասարդական աշխատանքի արդյունքների ազդեցության պահպանման և շարունակականության, ոլորտի և շարունակական ծրագրերի ֆինանսավորման, միջինստիտուցիոնալ համագործակցության կայացման, համայնքում գործառնության ենթակառուցվածքի առկայության և օգտագործման, ոլորտի աշխատանքների ամբողջականացման:

Թեև հետազոտության շրջանակում կազմակերպված խմբային հարցազրույցներին մասնակցություն ունեցել են բնակավայրում երիտասարդական աշխատանքների կազմակերպիչները, ակտիվ մասնակիցները, շատ դեպքերում մասնակիցները առաջին անգամ էին լսում «երիտասարդական աշխատանք», «երիտասարդական աշխատող» հասկացությունները։

Լինելով իրենց համայնքում երիտասարդական աշխատանք իրականացնողներ՝ որոշ դեպքերում երիտասարդները դժվարանում էին խոսել իրենց՝ որպես երիտասարդական աշխատողի կարիքների մասին, քանի որ ընդհանուր առմամբ չէին պատկերացնում երիտասարդական աշխատանքի էությունը և երիտասարդական աշխատողի գործունեությունը։

Որպես իրենց գործունեության իրականացման խոչընդոտ՝ համայնքում երիտասարդական աշխատանքի իրականցման մասնակիցները նշում էին թույլ կապը պետական մարմինների հետ, ինչի պատճառով իրենք չեն կարողանում օգտվել պետական ռեսուրսներից, օրինակ, գյուղական համայնքում՝ որևէ սենյակի կամ տեխնիկայի շահագործումը։

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ ՀԿ դաշտը կարգավորման, փոխկապման, ներքին և արտաքին համագործակցության հաստատման, պետական շահերին ուղղված համակարգված աշխատանքի կարիք ունի, ինչը առանձին ՀԿ-ներին թույլ կտա իրենց ռազմավարական քաղաքականությունը իրականացնել անկախ ստացած կանճաժամկետ դրամաշնորհային ծրագրի ավարտից ու չկրկնվելուց:

Երիտասարդական աշխատանքը որպես գործունեության հիմնական տեսակ՝ ոլորտի ներկայացուցիչների կողմից վերագրվում է երիտասարդական ուղղվածությամբ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող երիտասարդական կազմակերպություններին, և նման գործունեություն որդեգրած կազմակերպություններն էլ հենց հաճախ իրականացնում են որոշակի ֆինանսավորում չպահանջող քայլեր՝ ուղղված երիտասարդների զարգացմանը:

Ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնել իրենց՝ երիտասարդների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության պակասի մասին: Ընհանուր առմամբ՝ հետազոտության մասնակիցները առաջ են տանում երիտասարդական աշխատողի՝ որպես վճարվող աշխատողի կարգավիճակը։

Ընդհանուր առմամբ կարիք կա հենց ոլորտի ներկայացուցիչների շրջանում տարածել երիտասարդական աշխատանքի էության, գործառնության մասին տեղեկատվություն, անհրաժեշտ է տարածել երիտասարդական աշխատողի կերպարի բնութագիրը և շեշտադրել, թե որ դեպքերում անձը կարող է համարվել երիտասարդական աշխատող, որոնք են նրա հնարավորությունները և աշխատանքի ուղղվածությունը: Երիտասարդները կարծում են, որ համայնքում պատասխանատու անձի նշանակումը կարող է լուծել երիտաշխատանքի իրականցման ենթակառուցվածքի հասանելիության խնդիրը, ՀԿ-ները առաջարկում են պետության կողմից՝ ՀԿ-ներին ամենամյա դրամագլխի տրամադրում, ինչը կապահովի ՀԿ-ի նվազագույն ծախսերը և կընձեռի սեփական նախաձեռնությամբ շարունակական աշխատանքների իրականացման հնարավորություն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ տարբեր երկրներում երիտասարդական աշխատանքներում մեծ դերակատարում ունի կամավորությունը, Հայաստնում ինստիտուտի կայացումից հետո հատկանշական կլինի երիտասարդական աշխատողների երկու տեսակի առկայությունը՝ վճարվող պրոֆեսիոնալներ և կամավոր երիտասարդական աշխատողներ:

Ոլորտի ներկայացուցիչները շեշտադրում են ինստիտուտի առողջ գործառնության համար միջինստիտուցիոնալ/ միջսեկտորալ կապի ապահովման կարևորությունը պետական մակարդակով, անհրաժեշտ է մշակել երիտասարդական աշխատանքի ինստիտուտի ամբողջական հայեցակարգ՝ տեսլականով, խնդիրներով, նշանակությամբ, հիմնավորվածությամբ և ապագայի հավաստիքով:

Հետազոտությունն իրականացնելու համար ուսումնասիրվել են երիտասարդական ոլորտի նախորդ հետազոտությունները և իրավական փաստաթղթերը, որակական անհատական հարցազրույցներ 20 առանցքային տեղեկատուների հետ, 10 փորձագետների, ինչպես նաև 23 ֆոկուս-խմբային քննարկում երիտասարդների հետ: Որպես ֆոկուս-խմբային քննարկումների մասնակիցներ և առանցքային տեղեկատուներ հանդես են եկել՝ Երիտասարդական կազմակերպությունների տնօրեններ/ նախագահներ, Երիտասարդական կազմակերպությունների փոխտնօրեններ/ փոխնախագահներ, տարբեր ծրագրերի համակարգողներ/ ղեկավարներ, ծրագրային աշխատողներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ:

Հիշեցնենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը հիմնադրվել է 2013-ին՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում, գործում է Երիտասարդական միոցառումների իրականացման կետնրոնին կից:

Այս և նախորդ հետազոտություններին ամբողջապես ծանոթանալու համար այցելեք կայք՝ www.ystudies.am, Վերլուծություններ բաժին:

2017-ին Ինստիտուտը կիրականացնի «ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ ռազմավարության մոնիթորինգի և գնահատման», ինչպես նաև «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» թեմաներով հետազոտությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս