«Եթե մենք փորձեինք ապրիլին հետ վերցնել հողերը, մենք կունենայինք 1000-ների կորուստ». Վովա Վարդանով
«1993 թվականի աշնանից սկսած՝ մենք նույն սխալն ենք անում. այդ թվականին մենք որոշեցինք, որ մենք այլևս անելիք չունենք, թուրքը թող իր անելիքն անի, բայց սա սխալ է: Սա նշանակում է՝ զենքը տալ հակառակորդի ձեռքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Խոսելով Արցախյան հիմնախնդրից՝ բանախոսը նշեց. «1993 թվականից սկսած՝ միշտ եղել է այսպես. թուրքը հարձակվել է, սա է արել, նա է արել, իսկ մենք պատասխան գործողություն ենք արել ու անում, ուժգին հարված, դաժան պատիժ, ինչ ասես՝ անում ենք: Բայց մենք պետք է լինենք նախաձեռնող, պահանջող: Պետք է մեր հասարակությանը պատրաստենք գրոհող գործողությունների, մենք պիտի նախաձեռնող դառնանք, բանակը պիտի սկսի պատրաստվել, վարժանքների 99%-ը պետք է լինի Ադրբեջանի տարածքների նման համապատասխան տարածքներում, լեզուներ պիտի սովորեն բանակում: Երբ հասարակությունն ու բանակն ավելի պատրաստ լինի, թուրքն ավելի խելոք կսկսի պահել իրեն»:
Պատասխանելով պարբերաբար հնչող հարցին, թե ինչո՞ւ հայկական հողերը հետ չեն վերադարձվում, Վովա Վարդանովն ասաց.
«Երբ արտաքին քաղաքականությունով զբաղվող մարդիկ մեկ-մեկ խոսում են հողերի վերադարձնելուց, չգիտես ինչու, բոլոր իրենց ստորադասները, անգամ՝ հավաքարարները, սկսում են խոսել վերադարձնելուց: Բայց, նախ և առաջ, այս ցանկություն ունենալն անգամ նշանակում է հիմարություն: Երկրորդ՝ պետք է տեսնել՝ ի՞նչ է կատարվում Քարվաճառում, Ջրականում: Չէ՞ որ հսկայական գումարներ են ծախսվում, հետևաբար՝ վերադարձնելու ցանկություն անգամ չպիտի լինի, և սա նորմալ է, որովհետև պետք է հասկանալ, որ վերադարձնելուց Հայաստանը կպրծնի, հետևաբար՝այն, ինչ ասվում է արտաքինի համար, ներքինի հետ կապ չունի: Հիշեք մի բան, որ վերադարձնել չկա: Մեր հասարակությունը չպիտի լսի վերադարձնելու մասին ոչ մի նախադասություն»:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար հողատարածքի կորստի մասին հարցին, ապա Վովա Վարդանովը պատասխանեց.
«Ես անձամբ դեմ կլինեի, եթե մենք ճակատային հարձակումներով այդ դիրքերը հետ վերցնելու փորձ անեինք, որովհետև թուրքն առաջին բանը, որ սկսեց անել այդ դիրքերը վերցնելուց՝ անմիջապես խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներ սկսելն էր: Եթե մենք փորձեինք հետ վերցնել, մենք կունենայինք 1000-ների կորուստ:
«Ադրբեջանի հետ մենք համարժեք զենք չենք ունեցել մոտավորապես 1993 թվականից սկսած, դրանից առաջ ընդհանրապես չունեինք: Անհավասարության հարաբերությունը ցայտուն երևում է, երբ հաշվի ես առնում՝ քանի վագոն զինամթերք կար Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի տարածքներում: 20.000-ի չափ վագոն կար իրենց տարածքում, մերում կար 500 վագոն: Մենք միշտ իրենցից վատ ենք զինված եղել: Դիսբալանսը միշտ է լինելու, քանի որ թուրքն ավելի հարուստ է»,- հավելեց Վովա Վարդանովը:
Անի Թորոսյան