«Որևէ արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել». Տիգրան Մուկուչյան
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Բովանդակային առումով էլ, եթե փորձենք գնահատական տալ երեկ օրվա ընթացքում ստացած ահազանգերին, ապա, ըստ էության, դրանք վերաբերում էին առանձին ինչ-ինչ դեպքերի, բայց որևէ արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել»,- ասաց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ ոստիկանությունը և դատախազությունը նույնպես զբաղվել են նման հաղորդումներով:
«Իրավապահ մարմինները անմիջապես արձագանքում են բոլոր նման ահազանգերին, կատարում են ուսումնասիրություններ և, եթե հայտնաբերվում են իրավախախտման դեպքեր, օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ»,- ասաց Մուկուչյանը: