«Ներկայումս տեղի է ունենում մահացության շարունակական աճ և ծնելիության շարունակական նվազում». Ժողովրդագիր
«Իրավիճակը ժողովրդագրական առումով գործնականում մնում է նույնը: Այսինքն՝ այն կանխատեսումը, որ ծնելիության շարունակական նվազում պետք է լիներ, սահուն կերպով տեղի է ունենում: Մահացությունը թեթևակի աճում է և շարունակելու է աճել, այսինքն՝ աճման միտում կա: Սա պայմանավորված է հիմնականում բնակչության սեռատարիքային կազմի փոփոխություններով, այսինքն՝ սա ծերացման երևույթի ուղղակի հետևանքներից մեկն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա խոսքով՝ 90-ականների ընթացքում և շարունակաբար նաև վերջին շրջանում, անընդհատ նվազում է ծնելիությունը, ինչը բերում է մանկահասակ երեխաների թվաքանակի նվազման, հետևաբար՝ նվազում են թե՛ դպրոցահասակ երեխաները, և թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնտինգենտը, դրան զուգահեռ՝ շարունակում է խորանալ ծերացման երևույթը՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական հետևանքներով:
Խոսելով դեմոգրաֆիական հիմնախնդիրների մասին՝ Ռուբեն Եգանյանն ասաց.
«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում տեղի ունեցավ մի կարճ պահ, երբ ծնելիությունն աճեց: Նվազագույն կետը եղել է 2002 թվականին, երբ ծնվել է 32.000 երեխա, դրանից հետո որոշակի աճ ունենալով՝ սրանից մի 3 տարի առաջ այս թիվը հասավ մինչև 40.000-ի, հետո նորից սկսեց նվազել: Երբ աճում էր, մտածում էին, որ ազգը շարունակվելու է, նվազումն ավարտվեց, սկսվեց աճման միտումը: Բայց սա ժողովրդագրական ալիքի հետևանք է: Ծնող տարիք էին մտել 80-ականներին ծնվածները, նրանք էլ շատ էին, շատ էին ծնում, հիմա ծնող տարիք է մտնում այն սերունդը, որն 90-ականներին է ծնվել, իսկ նրանք էլ փոքրաքանակ են, իրենց երեխանների թիվն էլ շարունակաբար ավելի քիչ է լինում»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով՝ ծնունդների և մահացությունների թվերը կհավասարվեն:
«Այսօր առայժմ ծնունդների թիվը գերակշռում է մահերի թվին մոտ 12-13.000 մարդով, այսինքն՝ բնական հավելաճ դեռևս ունի, բայց սա ժամանակավոր երևույթ է, մահացության շարունակական աճի և ծնելիության շարունակական նվազման պայմաններում հեռու չէ այն պահը, երբ կհավասարվեն այս երկու թվերը, և դրանից հետո արդեն մահերի թիվը կսկսի գերակշռել ծնունդների թվին, այսինքն՝ մենք կունենանք բնական հավելաճի առումով ապաբնակեցում: Ապաբնակեցում ունենք 90-ական թվականների սկզբներից ի վեր: Սա միգրացիայի հետևանքով ապաբնակեցումն է, միգրացիոն արտահոսքի ծավալների գերակշռումը ներհոսքին բերում էր բնակչության թվաքանակի շարունակական նվազման»:
Անի Թորոսյան