«Հարկավոր են դրական էմոցիաներ. բավական է արտասուք թափել». Զառա Մորգան
Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ:
–Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ:
–Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը համագործակցում էր Ալեքս Ուրբանի թատրոնի հետ: Ես համարձակ ու վստահ մտա այդ պահին ինձ համար անծանոթ մի աշխարհ, որին տիրապետեցի տասը ամիսներում` աշխատելով ու սովորելով միաժամանակ: Գրեթե քառորդ դար ես ոչ մի այլ բան այսչափ արհեստավարժ չեմ կարողանում:
-Մյուզիքլը, լինելով սինկրետիկ արվեստ, որն իր մեջ ներառում է` երաժշտական, դրամատիկ, խորեոգրաֆիկ, օպերային արվեստները, ինչպես նաև վարյետեյի և ոդեվիլի տարրեր, որպես հետևանք հանդիսանում է բավականաչափ ծախսատար կոմերցիոն նախագիծ, որն էլ, իր հերթին, հասու է զարգացած, սոցիալապես ապահով երկրներին: Ըստ ձեզ Հայաստանում այն որքանո՞վ է զարգացած :
-Հայաստանում այս բնագավառը մրցակցությունից դուրս է (խնդրում եմ չշփոթել երաժշտական ներկայացումների հետ): Այդ պատճառով էլ, վերադառնալով Երևան, ես ցանկացա ցուցադրել իմ հմտությունները ոչ թե անցած տարիների լուսանկարներում ու տեսագրություններում, այլ իրական, ներկայիս աշխատանքում: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանի հետ և ԲՈՒՀի ռեկտոր` Արմեն Դարբինյանի աջակցությամբ, հավաքագրեցինք ցանկացողների, աշխատեցինք նրանց հետ և արդեն 8 ամիս անց խաղացինք 6 ներկայացում ԲՈՒՀի դահլիճում, իսկ 7-րդը` Ֆիլհարմոնիայում: Այնուամենայնիվ, իսկական մյուզիքլի արտադրությունը բավականին թանկարժեք է և կոմերցիոն տեսանկյունից այն չի վերադարձնի ներդրումները:
– Այսինքն` չարժե՞ սպասել այս ժանրի ծաղկմանը Հայաստանում:
-Մոտակա տարիներին ոչ, քանի որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների ներդրման մասին: Բայց միևնույն ժամանակ, մարդիկ հոգնել են ողբերգությունից ու պատմության մռայլ էջերից: Այս փոքրիկ երկրում գրեթե չկա տոն աչքերի համար: Երբ ամբողջ ժամանակ լեռներս ես տեսնում ու հանկարծ մի կանաչապատ տարածք, բացականչում ես «ՎԱՈՒ» ու հենց այդ հոգեվիճակն էլ մեզ պակասում է:
–Եթե մի պահ անտեսել հարցի կոմերցիոն կողմը, ցանկալի է հասկանալ, թե որքանո՞վ է մեր երկիրը հոգեբանորեն պատրաստ «տեսարանների»` դեռ չլուծաց հացի խնդիրը:
– Հիմա մեր երկիրը պատրաստ է դրան առավել քան երբևէ: Ժամանակը եկել է: Հարկավոր են դրական էմոցիաներ. բավական է արտասուք թափել: Նրանք, ում առնչվել են պատմության տխրահռչակ էջերը, անկասկած, հիշում են դրանք, սակայն մեզ հարկավոր է բաց թողնել անցյալը: Ցանկալի է, որ Հայաստանում ավելի շատ զվարճություններ կազմակերպվեն: Հարկավոր է բարձրացնել երաժշտական մշակույթը և աշխատանքը պետք է սկսել հենց երեխաներից: Եվ այդ հարցում մեզ աջակցում են Վազգեն Ասատրյանն ու Արմեն Ամիրյանը, ովքեր հավատացին «Գեղեցկուհին և հրեշը» նախագծին, որի հերոսները դարձան Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:
-Մյուզիքլը Ձեզ համար յուրօրինակ կրոն է, հավատամք ու մի աշխարհ, որից չեք ցանկանում դուրս գալ ոչ մի պայմաններում: Որտեղի՞ց նման ներշնչանք:
-Ինձ սնում է նորի բացահայտման ամենօրյա անհաղթահարելի ցանկությունը: Այն օրը, երբ ասեմ, որ գիտեմ և կարող եմ ամեն ինչ` այն կլինի վերջինն իմ ստեղծագործական կյանքում: Ունենալով համեմատելու հնարավորություն` (Մոսկվա, ԱՄՆ, Եվրոպա), առանց ավելորդ հայրենասիրության ու ֆանատիզմի վստահեցնում եմ, հայ երեխաները տաղանդի գանձարան են, նման տաղանդներ չկան ոչ մի տեղ: Ցավոք, շատ ընտանիքներում չկան բավարար հնարավորություններ լրացուցիչ կրթության համար:
– Ո՞րն է ձեր ներշնչանքի գլխավոր աղբյուրը կյանքի այս փուլում:
-Աշխատանքն ու ծրագրերը: Մոտ 3-4 շաբաթ անց` մանկության ընկերուհուս, պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ նախատեսել ենք «Մոխրոտիկ» ներկայացման առաջնախաղը: Դա մյուզիքլ չէ, այլ երաժշտական հեքիաթ, որում ներգրավված են 3-12 տարեկան երեխաներ: Բացի ներկայացման մեջ ներգրավված լինելուց, երեխաները ուսանում են 4 առարկա. խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն և բեմական խոսք, որոնք դասավանդում եմ ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա սեպտեմբերին նախատեսում ենք մյուզիքլի դպրոց բացել, որն առաջինը կլինի հայ իրականության մեջ: Ցանկանում ենք մեկտեղել գեղասահքն ու մյուզիքլը` համագործակցելով Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի հետ:
-Հայրենիքից երկար բացակայությունից հետո, ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:
-Ինձ համար Հայաստանը ջազ է: Ցանկացած մարդ, ով գալիս է Հայաստան, այն նմանեցնում է ջազի: Ամերիկացիներին շատ է դուր գալիս ջազը հայ երաժիշտների մատուցմամբ: Երբեք նրանք այդչափ հարգալից չեն արտահայտվել այլոց մասին ջազային մշակույթի ընկալման հարցում: 3 տարի է, ինչ Հայաստանում եմ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, որ վերադարձել եմ:
Այստեղ ապրում եմ առանց ավելորդ եռուզեռի, շտապողականության, թեև աշխատում եմ նախկին ռիթմով: Ներդաշնակության մեջ եմ գտնվում ինքս ինձ հետ:
Զառա Մորգանի ղեկավարած թատրոնը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Նյու-Յորքում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում: Նա աշխատել է Բրոդվեյի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ունի բազմաթիվ պարգևներ և պատվոգրեր` ՌԴ-ում և ԱՄՆ-ում ելույթների համար, Մոսկվայի Շեքսպիրյան փառատոնների բազմակի հաղթող է, մյուզիքլների «Մելպոմենա» մրցույթի Գրան պրի մրցանակակիր (Մոսկվա, 2000 թ.):
2006 թվականից աշխատելով Մոսկվայում Մյուզիքլների մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Զառան կյանքի է կոչել իր նորարարական գաղափարներն ու բոլոր ժամանակների նվիրական երազանքը` մանկական թատրոնների բեմերում մյուզիքլների առաջմղման ծրագիրը: Իր գործունեության ընթացքում նա բեմադրել է Դիսնեյան ու Բրոդվեյան գրեթե բոլոր մյուզիքլները, որոնք մեծ հաջողություն են ունեցել Նահանգներում:
Արդեն 3 տարի է, ինչ Զառա Մորգանը բնակվում է Երևանում, որտեղ հիմնել է մյուզիքլի մանկական թատրոնը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի և պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը: