Բաժիններ՝

Վճարներ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում

2003թ. սկսած՝ զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, բավականին կլորիկ  գումարներ վճարելու դիմաց կարող են  ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում, իսկ այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ  նույն անձանց  նկատմամբ հարուցված  քրեական գործերը կարճվում են:

Այսինքն` «Սահմանված կարգի  խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը ծառայությունից խուսափածներին հնարավորություն է տալիս ազատվել պարտադիր զիծառայությունից և վերադառնալ հայրենիք։

Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ. և 2016թ.  9  ամիսների ընթացքում շուրջ  9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին: Ինչպես Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին՝  մուտքագրված գումարները ողղվում են ռազմական կարիքների բարելավմանը ՝  ռազմական արտադրանքի ձեռքբերմանն ու սպասարկմանը:

Արդյունքում շուրջ 17 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: 

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ կապված զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքի հետ:  Մատչելի լեզվով ասած, գոնե այս պահի դրությամբ՝ օրենքի հիմնական նպատակն այն է, որ 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2015թ․ մայիս 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած  և 27 տարին լրացած քաղաքացիները ազատվեն քրեական հետապնդումից՝ պարտադիր վճար մուծելու դիմաց, ապա  ստանալով զինվորական գրքույկը՝ հաշվառվեն պահեստազորում:

Սահմանված կարգը

Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը,  օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.

1. Յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 ՀՀ դրամ ( Սա նշանակում է, որ վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: 18x 100.00) :

2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած հետևյալ զինապարտ այն քաղաքացիները՝

  • ովքեր առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի ՝ 30.000 ՀՀ դրամ
  •  ովքեր ունեն գիտական աստիճան եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ՝ 50․000 ՀՀ դրամ
  •  ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամ:

3․Ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած այն քաղաքացիները , ովքեր համապատասխանում են ներքոհիշյալ կարգավիճակներից որևէ մեկին՝

  • ունեն ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայր եւ մայր
  • ունեն երկու երեխա կամ առանց մոր մեծացող երեխա.
  • ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին
  • ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
  • ունեն երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
  • ունեն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք՝ վճարում են 30․000 ՀՀ դրամ

Հիշեք, անկախ 27տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր վճարներից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն 3 և ավել երեխա, առանց մոր մեծացող 2 և ավել երեխա։

Ուշադրություն.

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաների համար յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարը կազմում է 200.000 դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու այլ հիմքեր ձեռք բերելու պարագայում՝ 100.000 դրամ:

Քաղաքացու դիմումը ներկայացնելու կարգը և ժամանակացույցը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:

Անձի դիմումը ներկայացվում է հատուկ հանձնաժողովին, որը ստեղծված է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով։

Դիմումը պարտադիր պետք է ստորագրված լինի և կից ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:

Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում:

Ուշադրություն

Լրացուցիչ ուսումնասիրության և ստուգման պարագայում դիմումները քննարկվում եմ երկամսյա ժամկետում:

Ինչպե՞ս է դադարեցվում զինակոչիկի  նկատմամբ հետապնդումը

Հարգելի քաղաքացի դիմումը բավարարելու դեպքում՝ սահմանված գումարը Ձեր կողմից մուծվում է ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։

Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ: 

Իսկ եթե հանձնաժողովը մերժել է դիմումը, ապա կարող եք բողոքարկել այն դատական կարգով։

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս