«Այս ամենից տուժելու է Հայաստանը». Թևան Պողոսյանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարել է, թե ցավում են, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնել մանդատը երկարաձգել, եթե գրասենյակը չդադարեցնի իր գործունեությունը հումանիտար ականազերծման շուրջ: Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնել է, որ երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը: Չնայած նախագահության կողմից ամիսների ընթացքում գործադրված ջանքերին՝ նա չկարողացավ գտնել ընդունելի լեզու մասնակից պետությունների Մշտական խորհրդի որոշմամբ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում»:

Քաղաքական գործիչ Թևան Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը, և հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանն է համաձայնել, որպեսզի երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը:

«Դա սխալ մեկնաբանություն է. Ադրբեջանը վետոն դրել է ու դրանից չի հրաժարվել։ Համաձայն ԵԱՀԿ կանոնակարգի՝ եթե որևէ մի երկիր վետո է դրել, ապա որևէ ծրագիր չի կարող կյանքի կոչվել։ Հիմա, եթե ԱՄՆ դեսպանն ասեր՝ Ադրբեջանը մեծահոգաբար իր վետոն հանել է, այդ ժամանակ կստացվեր, որ Ադրբեջանը համաձայն է, որ գրասենյակը լինի, իսկ դրանից հետո, եթե Հայաստանն ինքը վետո դներ, որ գրասենյակը չլինի, այդ ժամանակ մենք կարող էինք մեղադրել մեր իշխանություններին, որ՝ այ, որոշեցիք գրասենյակը փակել. այն, ինչ արել էր Ադրբեջանը երկու տարի առաջ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Թ. Պողոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ ասել է, որ ուրախ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի համար. «Ցավում եմ, որ առանձին ուսումնասիրություններ շատ չեն արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի վերաբերյալ, որովհետև մենք ունեցել ենք մի քանի յուրահատուկ երևույթներ, օրինակ՝ Անդրկովկասում եղել ենք միակ երկիրը, որտեղ ունեցել ենք ոչ միայն երևանյան գրասենյակ, այլ նաև մարզային, երբ Կապանում կար առանձին ԵԱՀԿ գրասենյակի մի բաժին՝ նվիրված մարզային զարգացման օրակարգին նպաստելու ծրագրերին»։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն՝ իր անդամներով, մնացել էր պատանդ Ադրբեջանի վետոյի ձեռքին. «Երբ մի երկիր վետո է դնում, ամբողջական բյուջեի վրա էլ է վետո դրվում, այսինքն՝ ԵԱՀԿ-ն չէր ունենալու բյուջե, իսկ Հայաստանը մնացածի խնդրանքին է ընդառաջ գնացել, որ ԵԱՀԿ-ն կարողանա գործունեություն ծավալել։ Սրա մասին է ասում, որ Հայաստանը համաձայնեց։ Այստեղ թող իրենք գնահատեն՝ ով է ավելի կոմպրոմիսների ունակ, ով է ավելի ճիշտ քաղաքականություն վարում, որովհետև, եթե Հայաստանն էլ իր կողմից վետո դներ, որ՝ ոչ, երևանյան գրասենյակը պետք է գոյություն ունենա, կդառնար երկու վետո, և ամբողջ ԵԱՀԿ-ի բյուջեն կսառեցվեր, որևէ տեղ որևէ բան ԵԱՀԿ-ն այլևս չէր կարողանա անել»։

Միևնույն ժամանակ՝ Թ. Պողոսյանը նկատում է՝ հայտարարություններ անող բոլոր երկրներն էլ չեն պայքարել, որ երևանյան գրասենյակը չփակվի.

«Նույն ԱՄՆ-ը, որ միշտ այստեղ ունեցել է ներկայացվածություն՝ այդ գրասենյակի փոխդեսպանի կարգավիճակով, արդյո՞ք ջանասիրաբար պայքարել է, որ այդ գրասենյակը մնա, և ինքը, բացի ԱՄՆ դեսպանատնից, ունենա նաև փոխդեսպան այդ կառույցում։ Արդյո՞ք Ռուսաստանը ջանասիրաբար պայքարել է, որովհետև, գիտեք՝ չորրորդ թե հինգերորդ անգամն է՝ ԵԱՀԿ գրասենյակը ղեկավարում է Ռուսաստանի դիվանագետը։ Սրանք քաղաքական պայմանավորվածություններ էին. այդ երկրներն ինչպե՞ս էին պայքարել, որ Ադրբեջանին բացատրեին, որ՝ տղա ջան, այդ գրասենյակը որևէ կապ չունի այլ խնդիրների հետ, բացի Հայաստանի ներքին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը, տնտեսական, բնապահպանական ծրագրերին նպաստելուց։ Իսկ ինչո՞ւ ես դու խանգարում, չէ՞ որ դա բոլորի գրասենյակն է։

Ադրբեջանը նաև իր բաժին գրասենյակն է փակել՝ ասելով՝ ես պատերազմում եմ Հայաստանի դեմ, Հայաստանի թշնամին եմ, իմ պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլ նաև միջազգային բոլոր ատյաններում։ Դրա համար և՛ ԵԽ ԽՎ-ում, և՚ ԵԱՀԿ-ում, և՛ մնացած տեղերում օգտագործում է իր շանսը, և այս դեպքում՝ իր վետոն չհանելով՝ հասավ նրան, որ Հայաստանում փակվեց այդ գրասենյակը»։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի հետագա զարգացումների վրա ԵԱՀԿ գրասենյակի փակման հետևանքով առաջացնող հնարավոր վտանգներին, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Արցախի հիմնահարցի հետ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը որևէ կապ չի ունեցել. «Արցախի հարցը վաղուց գոյություն ունի, իսկ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձևավորվել է 2000-ականների սկզբին, այստեղի գրասենյակը որևէ կապ չի ունեցել Արցախի հետ, դրանով զբաղվել է Թբիլիսիում գտնվող  ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը։ Այս ամենից տուժելու է Հայաստանը, տուժելու է նրանով, որ այն ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գրասենյակն այստեղ անում էր ու նպաստում էր մեր քաղհասարակության զարգացման, մարդու իրավունքների խնդիրների, մամուլի ազատության, բնապահպանական ծրագրերի, տնտեսական զարգացումների ծրագրերի, փորձի փոխանակման և այլ ինստիտուտների զարգացման մի շարք ծրագրերին, չեն կատարվելու, ինչը նշանակում է՝ մեր զարգացումը դանդաղելու է»։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է գտնի բանակցելու հնարավորություններ, որ վերոնշյալ բոլոր ծրագրերը շարունակվեն. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն։ Եվ եթե մյուս երկրները գնահատում են Հայաստանի աշխատանքը, դերակատարումը, ապա ինձ թվում է՝ կգտնեն մեխանիզմներ՝ նպաստելու այդպիսի մի ինստիտուտի ձևավորման»։

Տեսանյութեր

Լրահոս