Բաժիններ՝

«Սահմանված ժամկետից շուտ կարող եք ստանալ աշխատանքային կենսաթոշակ, եթե…». Dialogue.am

Dialogue.am կայքը շարունակում է «Սոցիալական իրավունքի» մեկնաբանությունների շարքն՝ այս անգամ ներկայացնելով տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու կարգն ու առանձնահատկությունները:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Մինչդեռ ստաժի չափի հետ կապված օրենսդիրը սահմանել է նաև որոշ բացառություններ՝ հօգուտ կենսաթոշակառուների:

Այսպես, եթե 63 տարին լրացած անձն ունի աշխատանքային ստաժ, բայց  25 տարուց պակաս,  նա ևս կարող է ստանալ տարիքային աշխատանքային կենսաթոշակ, բայց այս դեպքում կա մի պարտադիր պայման.  քաղաքացին պետք ունենա առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակիանցնելու իրավունք

Կարդացեք նաև

Ինչպես արդեն նշեցինք տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու տարիքը 63-ն է, բայց այստեղ էլ ունենք, որոշ բացառություններ: Քաղաքացին կարող է ստանալ տարիքային աշխատանքային կենսաթոշակ ոչ թե 63 այլ 62 տարեկան հասակում, եթե ունի ոչ թե 25, այլ 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակի անցած անձը նորից սկսի աշխատել, տարիքային աշխատանքային կենսաթոշակի վճարումը կդադարեցվի մինչև նրա 63 տարին լրանալը:

Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին և  ներկայացնել՝

1) անձնագիր

2) աշխատանքային գրքույկ և դրա պատճեն

անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ

3) սոցիալական աապահովության վճարումներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու մասին տեղեկանք

ԻԴԵՊ. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, քաղաքացու սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4) լուսանկար (4×6 սմ չափի)

5) սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:

Փաստաթղթերը ներկայացնելուց  հետո անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում լրացնել անհրաժեշտ դիմումը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.

4) անձն ունի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող` այլ կենսաթոշակ ստանալու իրավունք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Կենսաթոշակը ՝ կանխիկ կամ անկանխիկ

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակ վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ ընդ որում կենսաթոշակառուն է որոշում թոշակը ստանալ անկանխիկ թե կանխիկ եղանակով:

Կենսաթոշակը կանխիկ վճարելու դեպքում գումարը տրամադրվում է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն այն ստանալու  իրավունքն ունեցող անձին, անկանխիկի դեպքում՝ ամեն ամսի գումարը փոխանցվում է կենսաթոշակառուի հաշվին:

Անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն  պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել, որ գտնվում է ՀՀ-ում:

Իդեպ, կենսաթոշակ  կարելի է ստանալ նաև լիազորագրով: Ընդ որում՝ մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12ամիս ժամանակահատվածի կենսաթոշակի գումար: 12 ամիսը լրանալուց հետո, կրկին կվերականագնվի լրազորագրով կենսաթոշակի վճարումը, , եթե կենսաթոշակառուն անձամբ ներկայանա:

12 ամիսը լրանալուց հետո ԱՌԱՆՑ թոշակառուի ներկայանալու՝ լիազորագրի հիման վրա, տրվում է կենսաթոշակ ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևալ դեպքերում.

-կենսաթոշակառուն պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում,

-բուժվում է հոգեբուժական հաստատությունում,

-ՀՀ  հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերում:

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
D
ialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս