«Սփյուռքահայը պետք է գա՝ Հայաստանում փող աշխատի, ոչ թե փող տա Հայաստանին»

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Սփյուռքի զորակցությունը Հայաստանին» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին սփյուռքահայ բարերարներ, գործարարներ, ներդրողներ։ Բացման խոսքում Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ասաց, որ հայրենիքում հաստատված բավականին սփյուռքահայ ներդրողներ կան, որոնք հաջողել են, և նրանց հանրահռչակումը շատ կարևոր է։

Փոխնախարարի խոսքն ընդմիջվեց նախարար Հրանուշ Հակոբյանի մուտքով, ով ասաց, թե շատ զբաղված է, իսկ սրահ մտել էր պատահական։ «Երևի պարոն Սրապիոնյանն ասաց, որ հավաքվել ենք՝ լսելու ձեր հաջողությունների, հիմնախնդիրների և այն հարցադրումների մասին, որոնք դուք գտնում եք, որ պետք է պետական կառավարման մարմիններում մենք փորձենք իրականացնել։ Կներեք, ես այստեղ բան էի փնտրում, դրա համար եկա»,- ասաց նախարարն ու դուրս եկավ սրահից։

Սերժ Սրապիոնյանը ներկաներին խնդրեց ներկայացնել իրենց գործունեության ժամանակ հանդիպած բոլոր խնդիրներն ու խոչընդոտները. «Դրանք չինովնիկական են, բյուրոկրատիայի արդյունք են, օրենքի հետ են կապված, թե այլնի, խնդրում ենք ներկայացնել։ Մեզ հայտնի է, որ որոշ իմաստով օրենքների անծանոթությունն առաջացնում է բազմաթիվ խոչընդոտներ, այդ պատճառով նախարարությունն օրենքների բացատրության ուղեցույցներ է ստեղծել տարբեր լեզուներով, և որքան մենք հասկանում ենք՝ դա դեռ բավարար չէ»։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ առաջին խնդիրը Հայրենադարձության մասին օրենքի բացակայությունն է. «Խիստ կարևորում եմ, որ հայրենադարձն ունենա հստակ կարգավիճակ, որ մենք ունենանք վիճակագրություն, թե քանի հայրենադարձ է գալիս երկիր, ինչ պոտենցիալ արտոնություններ ու պարտականություններ ունեն։ Այսինքն՝ պետք է այնպես անել, որ հայրենադարձությունը դառնա օրակարգային հարց։ Ես գիտեմ, որ դա օրակարգային հարց է նախարարության մակարդակով, բայց պետության մակարդակով, թերևս, չկա։ Ողջունելի է, որ վարչապետը հայտարարեց պրոֆեսիոնալ հայրենադարձների մասին, բայց դա պետք է նաև արտացոլվի քաղաքականության մեջ»։

Ինչ վերաբերում է պետական մարմինների հետ աշխատանքին, նա ասաց, որ չնայած փոփոխություններին՝ երկքաղաքացիության կամ հատուկ կարգավիճակի պրոցեսները կարելի է ավելի պարզեցնել. «Հատկապես խնդիր է լինում, երբ մարդիկ չեն տիրապետում մայրենիին, որոնց հետ պետական կառույցները չեն կարողանում ճկուն աշխատել։ Ամեն կառույց պետք է ունենա 1-2 հոգի, որոնք հասկանում են հայրենադարձների հոգեբանությունը և կարող են նրանց օգտակար լինել, որ այդ մարդիկ, մինիմալ ներվեր ծախսելով, անցնեն այդ պրոցեսները»։

Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տեղակալ Վլադիմիր Աղայանը, ով նշեց, որ ամբողջ աշխարհի հայերի փրկությունը միասնության մեջ է. «Եռամիասնության մեջ ամենավճռական դերն ունի Հայաստանը։ Հայաստանը հզորացնելու համար շատ անելիքներ ունենք։ Միանգամայն ճիշտ է, որ օրենքները կոնկրետ չեն։ Մենք մի նպատակ ունենք, որ սփյուռքահայը գա՝ Հայաստանում փող աշխատի, ոչ թե փող տա Հայաստանին։ Դրա համար պետք է նպաստավոր պայման ստեղծել ներդրողի համար։

Քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը հրավիրեց ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների համագումար, ամբողջ մեղքը բարդեց մեզ վրա, դիմեցին աշխարհի բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, և նույնիսկ մատնացույց արեցին, որ հայկական Սփյուռքը մեծ է, բայց փող չունեն։ Ես կրկնում եմ Ալիևի զեկուցման խոսքերը։ Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ գործունեությունը տեղափոխել գործնական հարթություն, բայց մենք դեռ զգացմունքային հարթության վրա ենք»։

Աղայանի խոսքով՝ մինչև հիմա չենք կարողացել Սփյուռքում իրազեկել, թե ի՞նչ է Արցախի հարցը, մենք ի՞նչ ենք ուզում. «Չենք կարողանում օգտագործել մեր հնարավորությունները, և առաջինն այստեղից պետք է սկսենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս