Ֆեյսբուքյան հայհոյանքների հետևանքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբանների պալատում տեւական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին:
Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով: Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, եւ ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել: Իսկ պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ մի խումբ փաստաբանների` Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի եւ այլոց միջեւ արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են: Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ:
Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ: Ինչո՞ւ, որովհետեւ պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ: Իսկ փաստաբանի ինստիտուտը կարեւոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում: Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում: Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսեւորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: