Ի՞նչ օրակարգերով են Մոսկվայում բանակցելու Երևանն ու Բաքուն

«Մամեդյարովը Մոսկվայում Վիեննայի պայմանավորվածությունները չի քննարկելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումից ադրբեջանական սպասելիքներին։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ նախատեսված հանդիպմանը, ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցությունների:

«Հույս ունենք, որ Մոսկվայում նախատեսված հանդիպումը կդառնա կառուցողական բանակցությունների սկիզբ, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով: Ժամանակն է՝ խոսքերից անցնել գործողությունների: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների»,- ասել է Մամեդյարովը:

Անդրադառնալով 2016թ. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Մամեդյարովն ասել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ են եղել:

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նախատեսում էին ստատուս-քվոյի փոխոխություն:

Ալեքսանդր Ռարն ասաց, որ այս անդրադարձը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանին չի հաջողվել մինչ այս հանդիպումը համաձայնեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները, քանի որ հայկական կողմը նշում է՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, իսկ Ադրբեջանը՝ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին։

Ըստ նրա, այս երկու հանդիպումների օրակարգերի միջև եղել են որոշակի տարբերություններ։

«Վիեննայի հանդիպման ընթացքում քննարկվել և առաջարկվել էր վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրում, որից հետո բանակցություններ՝ կարգավորման նպատակով, իսկ Սանկտ Պետերբուրգում, բացի այս մեխանիզմներից, ռուսական կողմը որոշակի ծրագիր էր առաջարկել, որի մասին, ամենայն հավանականությամբ, վերջերս խոսեց ամերիկացի համանախագահը, և հենց սա նկատի ունի Մամեդյարովը՝ նշելով բովանդակային բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։

Այսինքն՝ ադրբեջանական կողմն այս հանդիպումից ակնկալում է առաջընթաց այս ծրագրի մասով, իսկ հայկական կողմը՝ առաջընթաց պայմանավորվածությունների կատարման հարցում։ Ոչ մի կողմ այս պահին պատրաստ չէ մյուս կողմի թելադրած օրակարգով ընթանալ, այս պայմաններում դժվարանում եմ խոսել արդյունքների մասին, քանի որ բանակցությունների ընդհանուր եզր չեմ տեսնում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ ռուսական կողմը փորձել է գտնել այս պահանջների ոսկե միջինը, որի շնորհիվ էլ պետք է կայանա այս հանդիպումը։

«Այսինքն՝ գուցե վստահեցրել է, որ երկու պահանջների ուղղությամբ էլ համաձայնություններ են տվել կողմերը, սակայն հայտարարություններն ու հռետորաբանությունն այլ բանի մասին են խոսում»,- պարզաբանեց գերմանացի կովկասագետը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հանդիպման արդյունքում կազմակերպվի Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպում, Ռարը պատասխանեց, որ գրեթե բացառում է այդ հնարավորությունը, քանի որ բանակցության առարկան հստակ չէ նույնիսկ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման դեպքում։

«Եթե հանդիպեն, ինչի՞ց պետք է խոսեն Սարգսյանն ու Ալիևը։ Նախարարական հանդիպման միջոցով պետք է ձևավորվեր նախագահական հանդիպման օրակարգը, այն ներկայացվեր նախագահներին, սակայն, իմ կարծիքով՝ նույնիսկ այս հանդիպման օրակարգը Հայաստանի համար այլ է, Ադրբեջանի համար՝ բոլորովին այլ։ Պարզապես Ռուսաստանին հաջողվեց իրականացնել ամիսներ առաջ ծրագրած նախաձեռնությունը, որը հետաձգվում էր հենց այս պատճառով»,- ասաց Ռարը։

Վերջինս հանդիպումից դրական արդյունքներ չի ակնկալում։ Ավելին՝ գտնում է, որ հաջողության չհասած սպասելիքներն էլ ավելի վտանգավոր են հակամարտության համար։ Նրա կարծիքով՝ դրանք կսրեն իրավիճակը բանակցային սեղանին, էլ ավելի կկոշտացնեն կողմերի հռետորաբանությունը, արդյունքում՝ լարելով իրավիճակը հակամարտության գոտում։

Տեսանյութեր

Լրահոս