Բաժիններ՝

«Առաջիկա 1-2 տարվա ընթացքում ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում». Արսեն Հարությունյան

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ խմելու ջրի ոլորտում 2016թ. վերջին «Վիոլա» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և այս տարվա հունվարից «Վիոլա-ջուր» ընկերությունը սկսել է իր աշխատանքները.

«Պայմանագրով նախատեսվում է, որ օպերատորը Հայաստանում գործելու  է 15 տարի, որի ընթացքում պետությանը վճարելու է 89 մլրդ դրամ վարձակալության գումար, և առաջիկա 15 տարվա ընթացքում օպերատորի կողմից պարտադիր կատարվելիք աշխատանքների ծավալը լինելու է 37.5 մլրդ դրամ։ Բացի դրանից՝ առաջիկա 5 տարվա ընթացքում կառավարությունը 200 մլն դոլարի չափով ներդրում է անելու։

Պայմանագրով նախատեսված է, որ օպերատորը պարտավոր է ապահովել ջրամատակարարման տևողության ավելացում, ջրի որակի խախտումների քանակի նվազեցում, ջրամատակարարման ընդհատման ժամանակահատվածի կրճատում, և այլն։ Կատարողական ցուցանիշների չապահովումը բերում է պետության կողմից սահմանված տույժ-տուգանքների»։

Նա նշեց, որ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 համայնք կա, ինչը կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների մեջ է ներառված. «Մենք արդեն ունենք այդ համայնքներում կատարված աշխատանքների նախնական ուսումնասիրությունը, հիմա դրանք բաժանում ենք առանձին կլաստերների, առանձին փաթեթներ ենք պատրաստելու, և վերջում որոշում կկայացվի՝ ընդհանո՞ւրն ենք տալիս մեկ օպերատորի, թե՞ 15 առանձին մրցույթ ենք կազմակերպելու»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ոռոգման ոլորտին, նա նշեց, որ գարնան նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվում են, և իրենք ամեն ինչ անում են, որ որևէ գյուղացի չմնա առանց ջրի. «Շուրջ 90 հազար հեկտար կազմող ոռոգվող հողատարածքների թիվը մինչև տարեվերջ պետք է հասցնենք 100 հազար հեկտարի։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք մոտ 180 հազար ոռոգվող հողատարածք, որի 50%-ն է այս պահին ոռոգվում։ Մենք նախատեսում ենք ոռոգվող ցանցի վերականգնում, ինչը կբերի նոր ոռոգվող տարածքների ավելացմանը։ Այդ ծրագրի շրջանակներում է նաև ջրամբարաշինարարությունը, որը նոր թափ է առնում մեր երկրում։ Շատ կարևորում ենք կաթիլային համակարգին անցումը»։

Ինչ վերաբերում է սակագներին, ապա նա նշեց, որ ոռոգման ջրի սակագինն առայժմ չի փոխվի, իսկ խմելու ջրի սակագնի մեջ, նրա խոսքով՝ նոր օպերատորի  ծրագրով առաջիկա 15 տարում սակագնի փոփոխություն նախատեսվում է. «Աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և վառելիքի սակագների փոփոխությունով՝ կփոխվի նաև ջրի սակագինը։ Առաջիկա 1-2 տարվա ընթացքում ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս