«Նախազգուշացնող բնույթ են կրել, մինչև հիմա որևէ տնտեսվարող չի տուգանվել»
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված հարցերին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտնեց, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել, և մինչև հիմա որևէ տնտեսվարող չի տուգանվել:
«Սկսած նոյեմբեր ամսից տոնավաճառ կազմակերպողները պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ արդեն առկա է դրական միտում, տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել է, որ սա ուղղված չէր իրենց դեմ, այլ ուղղված էր խոշոր բիզնեսի շրջանառությունն ավելի հստակեցնելուն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, և սպասում են, որ մի քանի օրվա ընթացքում պետք է առաջարկներ ներկայացվեն՝ համատեղ քննարկումների համար:
Կարեն Կարապետյանն ասաց, որ դա հարկավոր է շարունակել. «Մեր գաղափարախոսությունը հետևյալն է՝ փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու, բայց փոքր և միջին բիզնեսը հաշվառելով, նրա բեռը չավելացնելով՝ մենք պետք է հասկանանք, որ բոլոր խոշոր բիզնեսի շրջանառությունն ու հաշվառումն ունենալու ենք։ Պետք է պարզ խոսել իրենց հետ։ Պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչը հասկանալու են»։