«Նալբանդյանն ու Մամեդյարովը կոնյակ կխմեն, նարդի կխաղան, և՝ ոչ ավելին». Ինչ սպասել մոսկովյան եռակողմ հանդիպումից
Ապրիլյան պատերազմից գրեթե մեկ տարի անց Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամիսներ շարունակվող բանակցային փակուղուց հետո ռուսական կողմին վերջապես հաջողվեց նախարարական հանդիպում կազմակերպել։ Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ Արցախի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Հունվարին նմանատիպ հանդիպում կազմակերպելու նպատակով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ էր ունեցել նախ՝ Հայաստանի, ապա՝ նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
Մամեդյարով-Լավրով հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն աննախադեպ հայատարություն էր արել՝ ասելով, թե այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ հանդիպումից։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, թե բանակցությունները եղել են և՛ կառուցողական, և՛ ներառել են կոնկրետ գաղափարներ՝ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Առավել ուշագրավ էր վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Արցախի հարցը նուրբ թեմա է, քանի որ բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում, սակայն շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: «Միայն մի քանի հարց է մնում, դրանք ամենաբարդն են: Այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են»,- հայտարարել էր ռուս նախարարը։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թեև շեշտում էր, որ բանակցություններին այլընտրանք չկա, չէր հաստատում նախարարական եռակողմ հանդիպման կայացման եռանախագահների որևէ առաջարկ՝ պնդելով, թե դժվար է ասել, թե «Ադրբեջանն այս անգամ ինչ կմոգոնի»։ Նա նկատում էր, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահերի ջանքերին՝ հարցականի տակ դնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչն ընդհանուր առմամբ հաստատում է վերջերս ակտիվորեն շրջանառվող կարծիքը, թե հայկական կողմն էր հրաժարվում այս հանդիպումից՝ իր համար անընդունելի օրակարգի պատճառով, որում, ըստ ամենայնի, տեղ չունեին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումների պայմանավորվածությունները՝ հաշվի առնելով Լավրովի և Մամեդյարովի պնդումները «մի քանի չհամաձայնեցված հարցերի» և «բովանդակային բանակցություններին անցում» կատարելու մասին։
Թե որքանո՞վ է առաջիկա մոսկովյան հանդիպման օրակարգը հստակ, համաձայնեցված հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որքանո՞վ այդ հանդիպման ընթացքում կնախապատրաստվի Սարգսյան-Ալիև հանդիպում, կհաջողվի՞ արդյոք քննարկման առարկա դարձնել կարգավորման այն փաթեթը, որի մասին Երևանում մարտին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, «168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը դժվարացավ ասել, քանի որ հանդիպումը, նրա խոսքով, չափազանց երկարաձգված է, իսկ օրակարգը՝ անորոշ։
Տարասովը հիշեցրեց, որ սկզբից եղավ տեղեկատվություն, թե նախարարներն առանձին-առանձին են ժամանելու Մոսկվա, առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու Լավրովի հետ, քանի որ Մոսկվան նախարարական հանդիպման պրոյեկտ է առաջ քաշել, հետո ասվում էր, թե Նալբանդյանը հրաժարվում է եռակողմ հանդիպումներից, Ադրբեջանը պնդում էր, որ Երևանը տապալում է հանդիպումները, իսկ միայն վերջին ժամերի ընթացքում հաստատվեց եռակողմ հանդիպման կայացման մասին տեղեկատվությունը։
«Բայց ինձ թվում է, որ այս իրավիճակում Երևանը կիրթ է գործում, Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած օրակարգից՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում, իսկ Հայաստանը չի ընդունում բացառապես ադրբեջանական օրակարգը։
Հայկական կողմի մոտեցումն արդարացված է, քանի որ հայկական կողմը շարժվում է եռանախագահների օրակարգին համահունչ։ Այնուամենայնիվ, չնայած այս հանդիպման մասին տեղեկատվությանը, իրավիճակը փակուղային է, ամենայն հավանականությամբ, նախագահական գագաթաժողով չի լինի այս հանդիպումից հետո։ Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։
Վերջինիս որակմամբ՝ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Հարավային Կովկասով զբաղվող Օքսֆորդի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը ևս մեծ հույսեր չի կապում երկու օրից սպասվող նախարարական այս հանդիպման հետ, թեև, նրա խոսքով, հանդիպումը երկար ծրագրված և սպասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, ինչի ապացույցն էր Երևանում Ռիչարդ Հոգլանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, թե այս հանդիպման ընթացքում կնախապատրաստվի բարձր մակարդակի հանդիպում։
Ըստ նրա՝ սակայն, այս իրավիճակում անիմաստ է կազմակերպել նման հանդիպում, քանի որ նախարարական մակարդակում նույնիսկ հակամարտող կողմերի եզրերն էապես հեռացած են։
«Կողմերի վերջին ամիսների հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը և Հայաստանը բացարձակապես տարբեր սպասելիքներ ունեն բանակցային գործընթացից։ Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցանկանում է անվտանգության երաշխիքներ, որոնք հնարավոր կլինի տրամադրել, եթե շփման գծում հրադադարի խախտման դեպքերն արձանագրվեն ընդլայնված առաքելության կողմից և հատուկ սարքերի ներդրմամբ, իսկ Ադրբեջանը դեմ է այս մեխանիզմների ներդրմանը, քանի որ ցանկանում է հայկական կողմի հետ բանակցել կարգավորման ծրագրի շուրջ, որի իմաստը հայկական կողմը ներկայումս չի տեսնում։ Պետք է հաշվի առնել այս երկրներում ներքաղաքական գործոնը ևս։ Ուշադրություն եմ ուզում հրավիրել այս երկրներում ներքաղաքական զարգացումների, Հայաստանում ընտրական գործընթացների վրա, որոնք ևս իրենց բացասական դերակատարությունն ունեցան։
Երկու կողմի դիրքորոշումն էլ հասկանալի է, գուցեև՝ արդարացված, սակայն սա թույլ չի տալու դրական նոտայով ավարտել բանակցային այս ձեռքբերումը՝ նախարարական հանդիպումը։ Բարեբախտաբար, Հոգլանդի և Լավրովի վերջին հրապարակային ելույթները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացում ամենակարևոր միջնորդները հակասություններ չունեն և գործում են համաձայնեցված, ինչը դրական հանգրվան է, սակայն չի օգնում զրոյական կետից շարժել բանակցային գործընթացը»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։