«Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է». «Փաստ»

«Փաստ» թերթը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

– Վաղը Մոսկվայում կայանալու է Լավրով-ՆալբանդյանՄամեդյարով հանդիպումը: Ուշագրավ է, որ հայկական կողմը, իր մասնակցությունը պաշտոնապես հաստատելուց առաջ, մի քանի օր հերքում էր այդ տեղեկությունները: Հանդիպումից առաջ Հայաստանը երկմտո՞ւմ էր:

– Բավականին տևական ժամանակ է` Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին համոզել` ստիպել Հայաստանին վերականգնելու բանակցությունների այդ ձևաչափը` Ռուսաստանի առաջնորդությամբ: Վերջին մի քանի անգամը Հայաստանը մերժել էր այդ հանդիպումները, քանի որ դրանք չէին համապատասխանում Հայաստանի դիրքորոշմանը, այն է`երբ Ադրբեջանը կկատարի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի պայմանավորվածությունները, այդ դեպքում միայն կարելի է նստել բանակցությունների: Բայց հիմա դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանը շատ բարդ վիճակում է գտնվում: Եվ նրան այլ բան չի մնում, քան համոզել Ռուսաստանին`նախաձեռնել այդ հանդիպումը:

– Դուք էլ նշեցիք, որ այս տարի Հայաստանն արդեն երկու անգամ հրաժարվել է այդ եռակողմ հանդիպումներից, բայց այս անգամ համաձայնեց: Ի՞նչն է փոխվել: Ինչպե՞ս Ռուսաստանը կարողացավ համոզել:

– Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է համաձայնությունը կայացել: Ի վերջո, ըստ երևույթին, հանդիպման առնչությամբ նախնական բանակցություններ են եղել: Այդ հարցը պետք է ուղղել մեր արտգործնախարարության պաշտոնյաներին: Թող բացատրեն, թե ինչու են համաձայնել:

– Իսկ այդ համաձայնությունը կարելի՞ է զիջում համարել Հայաստանի կողմից:

– Միանշանակ: Թեպետ նրանք այլ փաստարկներ կբերեն, թե ձեռնտու էր, այս էր, այն էր: Բայց եթե ոչ, ապա գործ ունենք հայկական սովորական անսկզբունքային քաղաքականության հետ, որի ականատեսն անընդհատ էլ եղել ենք:

– Կարծես թե, հանդիպման օրակարգն էլ հստակ չէ: Որևէ տեղեկություն կա՞, բացի կարգավորման մասին ընդհանուր ձևակերպումից:

– Ձեզ հետ զրույցից մեկ ժամ առաջ հայկական կողմը հերքում էր մասնակցությունը: Ինչի՞ մասին է խոսքը:

– Մի հիպոթետիկ միտք առաջ քաշեմ: Որոշ փորձագետներ կարծում էին, որ Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դիմաց Հայաստանն ինչ-որ գին է վճարելու: Այս հանդիպմանը համաձայնելը կարելի՞ է այդ գինը համարել:

– Միանշանակ պատասխանելը դժվար է: Երբ հանդիպումը լինի կամ գոնե դրան համաձայնելու բացատրություն տրվի, կարելի կլինի որոշակի եզրակացություններ կամ ենթադրություններ անել: Իսկ ընդհանրապես Խաչատուրովի նշանակումն էլ մնաց անհասկանալի: Թեպետ համարում եմ, որ դա կապված էր Սիրիայում Ռուսաստանի համար առաջացած նոր խնդիրների հետ` պայմանավորված ամերիկյան ավիահարվածներով, երբ Ռուսաստանին ընտրության առաջ դրեցին: Եվ բնական է, որ Ռուսաստանն էլ պետք է հավաքեր ՀԱՊԿ երկրներին, նրանց պայմաններ առաջադրեր: Թե ոչ, այդ ինչպե՞ս պատահեց, որ Բելառուսն ու Ղազախստանը համաձայնեցին Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Կարծում եմ` դա կապված է այդ ոլորտի խնդիրների հետ:

– Չե՞ք կարծում, որ Մոսկվան ու Բաքուն ճիշտ պահ են ընտրել հանդիպումը կազմակերպելու համար` Ֆրանսիան զբաղված է իր ներքին խնդիրներով, ԱՄՆ–ն կենտրոնացել է Սիրիային ու Հս. Կորեային առնչվող հարցերի վրա:

– Չի կարելի ասել, որ դա Ռուսաստանի միանձնյա որոշումն է: Հակառակը, այս պահին, երբ մյուս գերտերությունները լուրջ հարցերով զբաղված են, կարող են առաջարկել Ռուսաստանին ակտիվ լինել:

– Այսինքն, սա համանախագահ երկրների հետ համաձայնեցված որոշում է եղել:

– Իհարկե:

– Ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, թե քանի որ USAID–ն կրճատում, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես վերացնում է ֆինանսական աջակցությունը նախկին խորհրդային երկրներին, մեծ հաշվով դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն հեռանում է այս տարածքից` հեգեմոն դիրքը զիջելով Ռուսաստանին: Սա որքանո՞վ է արժանահավատ տեսակետ, ու արդյո՞ք այս հանդիպումը կարելի է դիտել այդ համապատկերում:

– Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմն սկսել է վարել իր նոր քաղաքականությունը ողջ աշխարհում: Բայց թե դա ինչպես կարտացոլվի այլ երկրների հետ հարաբերություններում, ինչ դերեր կվերապահի մյուս պետություններին և ընդհանրապես ինչ կոնկրետ ծրագրեր կառաջադրի կոնկրետ տարածաշրջանների համար, դժվար է ասել: Մենք միայն սկիզբն ենք տեսել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս