Պարսից ծոց-Սև ծով ծրագրի հարցում գնդակը հայկական դաշտում է. իրանցի վերլուծաբան

Իրանում վրաց-իրանական բարձր մակարդակի բանակցություններում կրկին կարևորվել է Պարսից ծոց-Սև ծով փոխադրամիջոցի ձևավորման անհրաժեշտությունը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր, որտեղ բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի և Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ «Հսկայական նշանակություն ունի Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի հարցը և Պարսից ծոցի ու Սև ծովի միջև Իրան­Հայաստան-Վրաստան կամ Իրան-Ադրբեջան­Վրաստան ուղեգծով կապի հաստատումը»,­ Tehran Times-ի փոխանցմամբ՝ ասել էր Ջահանգիրին: Իրանի փոխնախագահի խոսքով՝ Թեհրանն արդեն այն բանի պատրաստակամություն է հայտնել, որ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապվի Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքով, որն այդ ուղեգծերով միմյանց հետ կկապի Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ  Պարսից ծոց-Սև ծով ծրագրում ամենևին էլ պատահական չի շեշտվում Ադրբեջանի մասնակցության հնարավորության հարցը։ Իրանցի վերլուծաբանը հիշեցրեց, որ պատժամիջոցների վերացումից հետո իրանական կողմը բազմիցս բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ հայկական կողմին ներկայացրել է այս ծրագրի իր տեսլականը, դրա իրատեսականությունը, քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունը, սակայն այս ոլորտում հայկական կողմից  հայտարարություններ, քայլեր չեն արվում։

«Հայ-իրանական համագործակցության իրանական պատկերացման գլխավոր թեման այս ծրագիրն է, որը տարածաշրջանը դուրս կբերի կայունության, անվտանգության, պաշտպանվածության բացարձակապես նոր մակարդակի, ինչը հիմնված կլինի առաջին հերթին՝ տնտեսական  հսկայական օգուտների վրա։

Վստահաբար հայկական կողմը սա շատ լավ է հասկանում, թե ինչու քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ դեռ  լիովին հասկանալի չէ։ Ամեն դեպքում, հիմքում խնդիրները ֆինանսական բնույթի չեն»,- նման կարծիքի է Կայհան Բարզեգարը։ Վերլուծաբանը գտնում է, որ Երևանի երկարաձգվող լռության դեպքում  Իրանը կփորձի աշխատել Ադրբեջանի հետ, որն այս ծրագրերում Հայաստանից նախընտրելի գործընկեր չէ։ Սակայն, ըստ Բարզեգարի, այս հայտարարություններով շահագրգիռ կողմերը փորձում են զգոնություն հաղորդել հայկական կողմին՝ ակնարկելով, որ Հայաստանը կարող է կորցնել այս առաջարկը։

«Բարեբախտաբար, Իրանն ու Վրաստանը դեռ սպասում են հայկական որոշմանը, քանի որ ցանկանում են աշխատել հենց Հայաստանի հետ, որովհետև Ադրբեջանի դեպքում երկու երկրներն էլ վերապահումներ ունեն, առավելապես խոսքն Իրանի մասին է, որի դեպքում Ադրբեջանը միանշանակ գործընկեր չէ, հաճախ՝ նույնիսկ կասկածելի ու անվստահելի։ Հայաստանի դեպքում վստահության պակաս  կա արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ կապերի պատճառով, բայց Իրանը ցանկանում է դա ևս օգտագործել՝ ի օգուտ բոլոր կողմերի, սկսելով համագործակցություն ԵՏՄ-ի հետ Հայաստանի միջոցով, ինչը ևս պետք է շահագրգռի հայկական կողմին։ Այս հարցում գնդակը հայկական դաշտում է, հայկական կողմը ևս պետք է արձագանքի և ծրագրի իրագործելիության ժամկետներ նշի, վրաց-իրանական դիրքորոշումն այս հարցում հստակ է,  պայմանավորվածությունները կայացած են»,- հստակեցրեց Բարզեգարը։

 

Տեսանյութեր

Լրահոս