«Միշտ գարնան այս շրջանում սահմանին ակտիվացում լինում է». Գառնիկ Իսագուլյան

«Ես կարծում եմ՝ Ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված, ավարտված է. դե ֆակտո կայացած պետությունը սպասում է դե յուրե ճանաչման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա չի կարծում ՝ այդ իրավիճակը փոխվի, նա ստատուս-քվոյի փոփոխություն որևէ հեռանկարով չի տեսնում. «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, որովհետև եթե գործընթաց չկա, նշանակում է՝ դրան ինչ-որ բան պետք է փոխարինի: Փակուղի չէ, բանակցային գործընթացները գնում են, դրա միակ լուծումն այն աշխատանքն է, որն արվում է կապված մեր բանակի հետ, դա այն թեզերի ամրապնդումն ու խորացումն է, որ այսօր առաջարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին պաշտպանում է նաև Սերժ Սարգսյանը»:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ մեկ օրում՝ 2 զոհ, արդյոք պատերազմի ռեալ վտանգ կա՞, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Սրացումները և խաղաղ իրավիճակներն անընդհատ մեկը մեկին հաջորդում են: Միշտ գարնան այս շրջանում ակտիվացում լինում է: Ես երբևէ չեմ ցանկացել որևէ մեկի մեղադրել, բայց ես նաև կոչ եմ անում, ես ինչքան գնում եմ առաջնագիծ, զինվորների հետ իմ հանդիպմանը հիմնական թեման դա է, որ շատ ուշադիր և զգույշ լինեն՝ հատկապես դիրքերում: Էրեխեքը մեկ-երկու շաբաթ հետո հարմարվում են իրավիճակին և շատ ավելի ազատ են պահում, բայց այս պարագաներում ավելի կարևոր է զգուշությունը: Խրամատում գլուխ խոնարհած քայլելն ամենևին պարսավելի չէ, ճիշտ պաշտպանվելը, խոհեմ գտնվելը, դիրքերում բոլոր կանոնադրական նորմերը պահպանելը շատ ավելի ճիշտ է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս