«Ֆրանսահայ համայնքի պաշտոնական օղակները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կանգնելու են Մակրոնի կողքին». Վարդան Գաբրիելյան
Ֆրանսիայում ապրիլի 23-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի թեկնածու, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացավ ձայների 23,75 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը։ Ապրիլի 24-ից սկսվել է նախընտրական քարոզարշավի նոր փուլը, պայքարն արդեն ընթանալու է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի միջև: Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, որի արդյունքում կորոշվի երկրի 25-րդ նախագահը, ով կփոխարինի Ֆրանսուա Օլանդին: 168.am-ը երկրորդ փուլում հայ համայնքի կեցվածքի շուրջ զրուցեց Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանի հետ
– Պարոն Գաբրիելյան, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, որի ընթացքում հայ համայնքը որևէ թեկնածուի չսատարեց, ամենաշատ ձայները ստացած «Առաջ» կուսակցության առաջնորդ, նախագահի ամենահավանական թեկնածու Էմանուել Մակրոնը ներկա գտնվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Փարիզում։ Բոլոր թեկնածունե՞րն էին նախապես տեղեկացվել այս արարողության մասին։ Սա ի՞նչ է նշանակում հայ համայնքի համար։
– Ընդհանրապես նախագահության բոլոր թեկնածուները գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է, նրանք, ովքեր՝ որպես նախագահի թեկնածուներ, ունեն օրվա նշանակության գիտակցումը, կարող էին այդ քայլին դիմել։ Երևի Մակրոնի՝ այդ քայլին դիմելն ավելի բնականոն էր, քան Լը Պենի դեպքում, որովհետև մարդկային և գաղափարական, քաղաքական բնույթի տարբերությունները նրանց միջև ակնհայտ են, ծայրահեղ աջակողմյան գործչի կողմից Ցեղասպանության ոգեկոչման արարողությանը մասնակցությունն ինչ-որ տեղ անբնական կդիտարկվեր։ Իսկ Մակրոնը նոր դեմք է քաղաքականության մեջ և գաղափարապես ավելի մոտ է մեզ։
Մակրոնի այցելությունը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի արձան ինքնին դրական երևույթ էր, հարգանքի արտահայտություն, նույնիսկ, եթե բոլորս կարող ենք պատկերացնել, որ նախընտրական այս շրջանում այդ քայլն ունի նաև այլ իմաստ՝ թեկնածուն գալիս, հայցում է հայ համայնքի քվեները նախագահական երկրորդ փուլի առիթով։ Ամեն դեպքում սա դրական է։ Առիթ եղավ զրուցելու Էմանուել Մակրոնի հետ, և պարզվեց, որ նա հստակ տեսակետ, տեղեկություն ունի Հայկական հարցի տարբեր բաղադրիչների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ նույնիսկ, եթե նա չի կարող արտահայտվել հստակորեն Ղարաբաղի հարցի հայկական ակնկալիքների տեսանկյունից այն պարզ պատճառով, որ որպես հավանական ապագա նախագահ՝ չի կարող ասել այն, ինչ Ֆրանսիայի պետության ներկայացուցիչը չի կարողանա վաղն ասել՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի նախագահ։ Իր մոտ նկատվեց դրական վերաբերմունք, մոտեցում Հայկական հարցի կապակցությամբ։
Նա նաև Թուրքիայում ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի, և ինչպես մենք, նա ևս գտնում է, որ սահմանադրական փոփոխություններով Թուրքիան իրեն մեկուսացնում է աշխարհից, եվրոպական այն արժեքներից, որոնք են ազատությունը, խոսքի ազատությունը, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ Մակրոնի այցելությունը կարևոր էր նաև այն առումով, որ նա խոստացավ, որ կշարունակի Ֆրանսուա Օլանդի կերտած ավանդույթը, և այն, որ Ֆրանսիայի պետությունն ինքն է կազմակերպում ապրիլի 24-ը Փարիզում և նախագահի հովանավորությամբ և մասնակցությամբ, ասաց, որ որպես նախագահ՝ որոշել է երկարաձգել, շարունակել պետական հովանավորությունը Ցեղասպանության ոգեկոչմանը։
– Երկրորդ փուլում հայ համայնքը պաշտոնապես կաջակցի՞ որևէ թեկնածուի։
– Ինչպես գիտեք, առաջին փուլում պաշտոնապես հայ համայնքը որևէ թեկնածուի չաջակցեց, մենք չէինք գտնում որևէ թեկնածուի, որն առավել ցայտուն դիրքորոշում ունի հայկական դատի տարբեր խնդիրների վերաբերյալ՝ ի նպաստ հայկական դիրքորոշման։
Սակայն երկրորդ փուլն այլ իմաստ ու նշանակություն ունի: Մենք գործ ունենք ծայրահեղ աջ ուժի հետ, որի անցյալը հստակ է բոլորի համար՝ խտրականություն, ցեղապաշտություն, այլամերժություն, երբեք այդ շարժումը հայամետ կեցվածք չի ունեցել, ուրեմն հստակ պատճառ չունենք քաղաքականապես նեցուկ կանգնելու այդ ուժին, ավելին հստակ պատճառ ունենք գաղափարական և մարդկային արժեքները հաշվի առնելով՝ դեմ կանգնելու Լը Պենին, որովհետև մենք ինքներս՝ հայերս, եղել ենք Ֆրանսիայում խտրականության զոհ, երբ հայերը հայտնվել են այս երկրում, մենք եղել ենք ֆաշիզմի զոհ, ցեղասպանյալ ժողովուրդ, որը ռասիզմի գագաթնակետն է, և այդ պատճառով չենք կարող ծայրահեղ աջակողմյան ուժի սատարել, որ նա հասնի իշխանության իր ապագա բոլոր հետևանքներով, լինի դա Ֆրանսիայի՞, թե՞ համամարդկային արժեքների տարածման տեսանկյունից։ Այստեղ սկզբունքային մոտեցում կա։
Իսկ Մակրոնը, որպես առաջին փուլում մեր աջակցությունը չստացած թեկնածու՝ կստանա մեր աջակցությունը, այսօր մենք Մարի Լը Պենի դեմ կանգնելով՝ պետք է սատարենք այն հավանական նախագահին, որի հետ մենք պետք է գտնենք մերձեցման եզրեր՝ առանց միամիտ լինելու, առանց մոռանալու, որ նախագահները և կառավարություններն ունեն բազմակողմ ճնշումներ, մենք պետք է աշխատենք, որպեսզի առաջիկա նախագահի կողքին կարողանանք կանգնել այնպես, ինչպես Օլանդի հետ՝ շարունակելով մեր դրական ճնշումը նախագահության վրա։
– Արդեն հստա՞կ է, որ հայ համայնքը կկանգնի Մակրոնի կողքին։
– Հայ համայնքի պաշտոնական օղակները կանգնելու են Մակրոնի կողքին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հայ անհատները չունեն ազատություն և այլ կարծիք ունենալու իրավունք։ Եթե հարցը լիներ ձախի ու աջի խնդիր, այդ ժամանակ պետք էր հանգիստ ասել, որ հայերն ունեն կատարյալ աազատություն, որ կարող են դրսևորել, իսկ այստեղ հարցը հանրապետական գաղափարի և ծայրահեղ աջի միջև ընտրություն կատարելու մեջ է, խնդիր կա դեմ կանգնելու այն ծայրահեղ ուժերին, որոնք վտանգ են թե Ֆրանսիայի, թե համամարդկային գաղափարների համար։
– Այս ընտրություններից հետո ինչպիսի՞ օրակարգ է ձևավորելու հայ համայնքը։ Կարծիքներ կան, որ պայքարի ուղղությունները, թեմաները պետք է փոփոխվեն, կա՞ այդ փոփոխությունների ընկալումը։
– Աշխատանքը չպետք է փոխվի, Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը չպետք է փոխվի, երկու անգամ այդ օրենքի անցկացման համար հայ համայնքը դժվար պայքար է տարել, երկու անգամ հաջողության հասել, ինչը բացառիկ երևույթ է։ Երկրի ձախ ու աջ ուժերը Ազգային ժողովում և Սենատում երկու տարբեր առիթներով քվեարկեցին այդ օրենքի նախագծի օգտին, սա քաղաքական հաղթանակ էր, սակայն իրավաբանական առումով այս նպատակը չպսակվեց հաջողությամբ Սահմանադրական դատարանի պատճառով։ Ֆրանսուա Օլանդը երեկ իր ճառում նշեց, որ չնայած անավարտ պայքարին՝ հաջորդ նախագահին պետք է պատվիրակի, որպեսզի այդ աշխատանքը շարունակի, քանի որ հավատում է, որ դեռ կա ճանապարհ հասնելու ժխտման քրեականացման։ Այսինքն՝ ճանապարհները փակված չեն, այդ ճանապարհը երկարատև է, չմոռանանք՝ Ցեղասպանության ճանաչումը տասնամյակների գործ է, նույն վճռականությամբ, համառությամբ պետք է շարունակենք։
Սակայն ֆրանսահայ համայնքը նաև հասկացել է, որ չի կարող հիմնահարցերի ցանկում մոռանալ և առաջնահերթություն չտալ ԼՂ հակամարտությանը։ Ապրիլյան պատերազմը մեզ թելադրեց, որ այժմեական խնդրի առջև ենք կանգնած։ Չպետք է կարծել, որ Ղարաբաղյան հարցով հայ համայնքը չի զբաղվում։ Այսօր պահը հասունացել է, որ ավելի բարձր մակարդակով և ավելի աշխույժ կերպով՝ թե՛ քաղաքական, թե՛ պետական, թե՛ համաժողովրդավարական մակարդակով ԼՂ հարցը ստանա իր արդար տեղը։ Բայց ֆրանսահայությունը կատարել է որոշ պարտականություններ ԼՂ հարցի շուրջ։
Ֆրանսիան այն հազվագյուտ երկրներից մեկն է աշխարհում, որտեղ Արցախի հետ համագործակցություն կա, չնայած մի շարք ճնշումների։ Քաղաքական գործիչները մեկնում են Ղարաբաղ և հասնում Արցախյան սահմանագիծ, կանգնում զինծառայողների կողքին՝ սատարելով նրանց։ Սա հայ համայնքի աշխատանքի արդյունք է։ ԵԽ ԽՎ-ում ֆրանսիացի քաղաքական գործիչիների շնորհիվ շատ հարցեր են բարձրաձայնվում՝ ի նպաստ ԼՂ հակամարտության հարցում հայկական դիրքորոշման, Ֆրանսիան՝ որպես ՄԽ համանախագահ երկիր, մեր դիրքորոշումն այս հարցում լսելի է դարձրել, ներկայացրել մեր հայացքը ԼՂ պայքարի լուծման հարցում։ Այսինքն՝ այս բոլորն արվում է, այսօր, սակայն, առավել ևս համոզված ենք, որ Ղարաբաղը ոչ միայն ներկայի, այլև ապագայի խնդիրն է, հզոր Ղարաբաղը նաև պաշտպանվածություն կտա այն Հայաստանին, որը պետք է լինի մեր վաղվա ծաղկուն Հայաստանը։