Բաժիններ՝

Թուրքիան կրկին ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է. որոշումն ընդունվեց 113 կողմ ձայնով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25­-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-­ն:

Առաջարկին կողմ են քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45­ը, ձեռնպահ` 12-­ը: Թուրքիան կառույցի կողմից մոնիթորինգի տակից հանվել էր 2004 թվականին:

ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը կատարի ներկայացված առաջարկները: ԵԽԽՎ Թուրքիայի հարցով զեկուցողներ Մարիան Միկկոյի (Էստոնիա) և Ինգեբյորգ Գոդսքեսենի (Նորվեգիա) պատրաստած զեկույցում խստորեն քննադատվում է 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երեք անգամ երկարաձգված արտակարգ դրության պայմաններում կայացվող որոշումները` նշելով, որ դրանք վնասում են Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը:

ԵԽԽՎ-­ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը մեկնաբանել է քվեարկության արդյունքները` ասելով.

«ԵԽԽՎ-­ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։

Սա լրջագույն քաղաքական որոշում է։ Թուրքիան, մինչև քվեարկությունը, հայտարարում էր, այդ պարագայում, ընդհուպ ԵԽ­ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարությունը։ Թուրքիա­ Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս