«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկները պետք է ավելի ակտիվ լինեն». Ֆրանկ Էնգել
Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը ցանկանում է, որ անկախ նրանից, թե ով կլինի Ֆրանսիայի նոր նախագահը, օգտվի այն հանգամանքից, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, եւ բանակցային գործընթացում հանդես գա առաջարկներով:
«Եթե պետք է ինչ-որ տեղաշարժ լինի, եւ բոլոր կողմերն ընդունեն, որ դա կարող է լինել համանախագահների շնորհիվ, այդ դեպքում նրանք պետք է ինչ-որ բան անեն: Այժմ ես ավելին չեմ տեսնում: Չեմ տեսնում մեծ մասնակցություն ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ֆրանսիայի կողմից, այսինքն՝ ոչ մեկի կողմից դա չի նկատվում: Հուսով եմ՝ Ֆրանսիան պարզապես կգա այն եզրակացության, որ իր դերը այդ համատեքստում անպայման պետք է ավելի ակտիվ դրսեւորվի, եւ պարտադիր չէ՝ դա լինի հայկական կողմին շատ կառչած մոտեցմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: «Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենն ստացել Է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոս ը:
Ապրիլի 24-ին պաշտոնապես մեկնարկեց նախընտրական արշավի նոր փուլը: Այժմ պայքարը կծավալվի Մակրոնի եւ լը Պենի միջեւ: Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը: