Երևանում Ադրբեջանում աճեցված խնձոր է վաճառվում. իսկ դա արգելվո՞ւմ է. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հասրաթյան փողոցում տեղակայված միրգ-բանջարեղենի խանութներից մեկում երեկվանից վաճառվում են «Ադրբեջանում արտադրված» գրությամբ խնձորներ: Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչուհի Բարսեղյանը նախկին Շիրակ հանրախանութի հարեւանությամբ գտնվող խանութում երեկ լուսանկարել է ադրբեջանական ծագմամբ խնձորների արկղերը եւ կատարել հետեւյալ գրառումը.
«Արդեն բակային խանութներ են մտել… լուսանկարն արել եմ ես, այսօր (երեկ, հեղ.)` ժամը 12-ի մոտակայքում։ Խանութն էլ գտնվում է Գ. Հասրաթյան փողոցում` նախկին Լենինականի` նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ։ Շարքում առաջին խանութն է, որ միրգ֊բանջարեղեն է վաճառում»:
Նույն օգտատերն արդեն տեսանյութ է հրապարակել նույն խանութից՝ պնդելով, որ իր տարածած տեղեկատվությունը արժանահավատ է, իսկ խնձորները շարունակվում են վաճառվել:
Armtimes.com-ը պարզեց, որ «D-Fruits» ընկերությունը գրանցված է Ադրբեջանի Հանրապետության Կուբինսկի շրջանի Դալլաքլի գյուղում: Այս ընկերությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի դաշնությունում, Արաբական Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այգիները գտնվում են Կասպից ծովի ափամերձ տարածքներում եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք են ստանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: