«Քանի որ խորհրդարանական ընտրություններին Երևանում քիչ ձայն էինք հավաքել, որոշեցինք չմասնակցել ավագանու ընտրություններին». Արծվիկ Մինասյան
«Կոալիցիայի բանակցությունները վերջնական փուլում են և առաջիկայում ամեն ինչ կիմանաք։ Ընտրություններից հետո և նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները նոր թափով առաջ տանելու համար որոշակի ձևակերպումների, փոփոխությունների կարիք կա։ Երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք բարեփոխումներն առաջ տանելու միավոր»,- Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է պորտֆելների հարցին, ապա նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քանիսն է պորտֆելը, պատասխանատվությունը կրում են միայնակ. «Չմոռանանք, որ խնդիրը միայն թվաբանական մեծության մեջ չէ, բարեփոխումներն ազգային հենքի վրա տեղափոխվելու հարցն է։ Մինչև նոր պառլամենտի առաջին նիստը հստակ կլինի ամեն ինչ»։
Հարցին, թե իրեն որտե՞ղ է տեսնում առաջիկայում, նա այպես պատասխանեց. «Բնապահպանությունն այն ոլորտն է, որը պետք է զարգացման նոր թափ ստանա, դառնա երկրի կայուն զարգացման գերատեսչություններից մեկը։ Մեր երկրի զարգացման իրական հիմքը բնական ռեսուրսներն են, որոնք ամբողջության մեջ են և մարդու մտածողությունն է։ Էկոլոգիան ամենամեծ էկոնոմիկան է, և եթե բնական ռեսուրների վրա կառուցենք մեր տնտեսությունը, ես համոզված եմ, որ այն կտրուկ առաջընթաց կունենա»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն ինչո՞ւ չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ «ՀՅԴ Երևանի կառույցը գնահատել էր, որ խորհրդարանական ընտրություններին քիչ ձայն ենք հավաքել, և որոշեցինք չմասնակցել ավագանու ընտրություններին։ Այն ծրագրային մոտեցումը, որ ունենք, չի խաթարվի և կաջակցենք այն ծրագրերին, որոնք ապահովելու են Երևանի կայուն զարգացումը։ Երբ բոլոր ծրագրերն ուսումնասիրենք, կհայտարարենք, թե ում ենք սատարելու»,- պարզաբանեց նա։