«Կան նման դժգոհություններ և միշտ լինելու են այդ դժգոհությունները». Փոխնախարարը աուդիտորական ոլորտը կայացած է համարում
Մեր զրուցակիցն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը
– Պարոն Անանյան, աուդիտորական ոլորտում Հայաստանում ի՞նչ զարգացումներ և ի՞նչ խնդիրներ կան:
– Աուդիտորական ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կարելի է գնահատել՝ որպես կայացած ոլորտ: Թերևս, դրա ապացույցն այն է, որ 2014թ., երբ պարտադիր աուդիտի իրավական նորմը հանվեց, աուդիտորական դաշտում դրանից շատ վայրիվերումներ չեղան, քանի որ կայացած էր: Այսինքն` այսօր եղած միջինը 33 աուդիտորական կազմակերպությունը մնաց: Հետևաբար` կարելի է գնահատել, որ, ըստ էության, աուդիտի ոլորտը և ֆինանսական հաշվետվություններն աուդիտի ենթարկելու մշակույթը Հայաստանում կայացել է: Մենք այսօր լայն շրջանառության մեջ ենք դրել աուդիտորական գործունեության մասին հայեցակարգի նախագիծ, հանրությանը ներկայացնում ենք «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնություն, նաև մեկ այլ օրենք էլ ենք մտցնելու շրջանառության մեջ: Ինչո՞ւմ է կայանում խնդիրը:
Պետությունն` ի դեմս կառավարության, որոշել է, որ Ֆինանսների նախարարությունից ոլորտի վերաբերյալ, այսինքն` ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը վերապահում է իրեն` ստեղծելով վերահսկողական խորհուրդ, բայց պատվիրակում է ոլորտի կարգավորման գործառույթն օրենքով ստեղծված ոչ պետական կառույցի, որը կոչվելու է հաշվապահական պալատ: Դրա իմաստն այն է, որ այսօր ՀՀ կառավարությունը գտնում է, որ պետք է ոլոտի նկատմամբ կարգավորման գործառույթն իրականացնի հենց մասնագիտական հանրությունը, բայց վերահսկողական գործառույթը պետք է վերապահվի ֆինանսների նախարարին: Դա իր մեջ ենթադրում է պարտադիր աուդիտի նորմի վերականգնում, բայց ավելի հավասարակաշռված` ի տարբերություն նախկինում գործողի:
– Դուք տեղյա՞կ եք մասնավոր հատվածում առկա դժգոհություններին, որ անկախ աուդիտոր Հայաստանում չկա, և բավականին մեծ գումարներ բիզնեսը ստիպված է վճարել եզրակացությունների համար, որոնք անկախ չեն:
– Այո, կան նման դժգոհություններ և միշտ լինելու են այդ դժգոհությունները, նախկինում էլ են եղել: Օրինակ, եթե պարտադրված աուդիտի մասին ենք խոսում, բանկային հաստատությունը պարտադրում է, որ կազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվություններն աուդիտի ենթարկի, որպեսզի ինքը վարկ տրամադրի: Այդ ժամանակ, եթե կազմակերպության ղեկավարությունը կորպորատիվ կառավարման մշակույթից մի քիչ հեռու է, նա դժկամությամբ կընդունի բանկի այդ պարտադրանքը, կգնա «վայ աուդիտորներին» կհրավիրի, որոշակի X գումարի դիմաց, առանց աուդիտորական համապատասխան ընթացակարգեր խնդրելու կամ պարտադրելու, ուղղակի ստորագրություն ստանալու դիմաց, կտանի այդ ֆինանսական հաշվետվությունները կներկայացնի բանկ:
Կամ, եթե օրենքով պարտադրվի աուդիտի անցկացումը, նույնն այդ դեպքում էլ կարող է լինել անխուսափելի: Սրա դիմացը մենք առնելու ենք միայն մի բանով, որ աուդիտորական կազմակերպությունների որակի նկատմամբ հսկողական հստակ մեխանիզմներ պետք է սահմանենք, որի հիմնական գաղափարներն արդեն օրենքով ներկայացնելու ենք հանրությանը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
Հաշվապահների աուդիտորների պալատը` այն կառույցը, որ պետք է ստեղծվի, և որին պետք է փոխանցվի հաշվապահական հաշվառման ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթը, ինքը նաև ունենալու է որակի նկատմամբ հսկողության լծակներ, այսինքն` տարեկան որոշակի թվով աուդիտորական կազմակերպություններ անցնելու են որակի ստուգումներ: Դրանց մասնակցելու են նաև դրսից հրավիրված մասնագետներ, որոնք աշխատել են մեծ չորսնյակում: Մենք այդպիսի փորձ ունեցել ենք 2009 թ.-ին, և դա տալիս է իր արդյունքը: Հետևաբար` մենք կամաց-կամաց դաշտը մաքրելու ենք զուտ որակի վերահսկողության հստակ մեխանիզմներ հանրությանն առաջարկելով: Դրա արդյունքում՝ որոշակի տարիներ հետո դաշտում լինելու են միայն որակյալ աուդիտորներ, որոնք «անկախություն» բառը հասկանում են բառիս բուն իմաստով:
– Այսինքն` աուդիտորների թիվը նաև կկրճատվի՞: Այդ դեպքում մենաշնորհացման վտանգ չե՞ք տեսնում:
– Ոչ, դրա համար եմ ասում` դաշտը կայացած է: Եթե վերցնենք վերջին 10-15 տարվա ընթացքում աուդիտորական ընկերությունների թիվը միջինը 33-35 է: Շուկայում դրանից ավելի աուդիտորներ չեն կարող լինել, շուկան փոքր է: Դրանից պակաս աուդիտորներ չեն լինի, որովհետև, ինչպես փորձն է ցույց տալիս, 15 տարվա ընթացքում, նույնիսկ պարտադիր աուդիտի նորմը հանելուց հետո 3 տարվա ընթացքում աուդիտորական ընկերությունները չեն պակասել, մնացել են նույնը: Այսինքն` աուդիտորական գործունեության նկատմամբ հանրության պահանջը դեռևս կա, որովհետև մշակույթն է ձևավորվել:
– Ընկերությունների ստվերային գործունեության բացահայտման հետ կապված աուդիտորներն ի՞նչ կարող են անել:
– Ստվերը բացահայտելու ուղղակի գործառույթ աուդիտը չունի, դա իր գործառույթների դաշտում չէ: Բայց եթե կազմակերպությունը, որը ստիպված կլինի իր ֆինանսական հաշվետվություններն աուդիտի ենթարկելու, և որը կունենա ստվեր, դիմում է աուդիտորական ընկերության, որն իր անկախության նորմը պահում է և այդ կոնցեպտով է շարժվում, ապա այն պետք է որոշակի վերապահում արտահայտի այդ հաշվետվությունների նկատմամբ: Այսինքն` որակավորված, կամ բացասական, կամ վերապահումով կարծիք պետք է տա, ոչ թե դրական: Դա կնշանակի՝ արդեն ստվերի դեմ պայքար մղող համապատասխան պետական կառույցները համապատասխան մոնիտորինգի միջոցով պետք է այդ աուդիտի եզրակացությունները կարդալուց հետո որոշակի վարքագիծ տեսնեն և համապատասխան գործառույթներ անեն: Այսինքն` աուդիտն իր գործառույթներով նպաստելու է, որպեսզի պետական համապատասխան մարմինը՝ ավելի ուշադիր լինելով, գնա իր գործառույթն իրականացնի: