Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները շարունակում են պետական և մասնավոր հատվածը հետևողականորեն մաքրել գյուլենականներից: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ստամբուլում ապրիլի 22-ին կազմակերպված միաժամանակյա հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 42 անձ, որոնք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ» հարեքեթի ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով որպես քաղաքական վտարանդի բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, մեղադրում է 2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Թուրքիան բազմիցս պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին, սակայն այդ հարցում դեռևս չի կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Էրդողանը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 16-17-ը կայանալիք հանդիպմանը կրկին քննարկելու է Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնման հարցը:
«Հուսով եմ Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»,-նշել է Էրդողանը:
Հեղաշրջման փորձից հետո գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ: