
Այսօր Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Ս. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29): Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Ս.Հովհաննես Մկրտչին, որովհետև սուրբը մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար:
Հերովդեսը չի համարձակվում սպանել Ս. Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Աղջիկը ցանկանում է ստանալ Ս. Հովհաննես Մկրտչի գլուխը: Ս. Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Ս. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Ս. Կարապետ վանքը:
Ս. Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը: