Բաժիններ՝

«Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է»

Այսօր կազմակերպված «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ օտարերկրյա ներդրողների համար փաստաբանը շատ կարևոր գործընկեր է, քանի որ այդ ոլորտում բազմաթիվ իրավական հարցեր են ծագում.

«Կարևոր է, որ փաստաբանը կարողանա նախականխիչ գործարք ստեղծել ներդրողի համար։ Հարկային մարմինների հետ առնչության ժամանակ ևս փաստաբանը կարևոր նշանակություն ունի»։

Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային խորհրդի անդամ Ալեն Մարտերը խոսեց ֆրանսիական «Կարպա» կոչվող համակարգի մասին, որը, նրա խոսքով՝ ստեղծվել է փաստաբանների կողմից ու փաստաբանների համար, և որը, արդեն տասը տարի է` ներդրվել է նաև Հայաստանում.

««Կարպան» բավականին հաջողված գործիք է փաստաբանների համար. յուրաքանչյուր անգամ, երբ փաստաբանը պետք է որոշակի գումարի հոսքերի առնչվի, պետք է դա անի «Կարպա» կառույցի գումարային հաշիվներով։ Դա պաշտպանվածություն է հաղորդում փաստաբաններին ու նրանց վստահորդներին։ «Կարպա» համակարգը փաստաբանների փոխարեն որոշակի պարտավորություններ է ստանձնում` պետական մարմինների հետ հարաբերությունների ժամանակ, և արդյունքում՝ գումարային հոսքեր են ապահովվում փաստաբանական համայնքի համար»։

Նրա խոսքով` այդ համակարգի շնորհիվ փաստաբանները հնարավորություններ են ստանում` մաքսիմալ հեշտ ընթացակարգով իրականացնել ստանձնած պարտավորությունները։

Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանի խոսքով՝ քրեականության պրոցես կա աշխարհում՝ փողերի լվացում, կոռուպցիա, հարկերից խուսափում.

«Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։ Այսօր աշխարհում համաշխարհային բիզնեսի 9 տոկոսի չափով կոռուպցիա կա։ Կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս երեք հանցագործությունների մեջ ամենակարևորն է։ Փողերի լվացումը ևս խնդիր է»։

«Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը ներդրողների է հրավիրում Հայաստան, և վերջին ընկերությունը, որին իրենք հրավիրել են, «Սանիտեկ» ընկերությունն է։
168.am-ը նրանից հետաքրքրվեց, թե օտարերկրյա ներդրողների համար Հայաստանն ինչո՞վ կարող է հրապուրիչ լինել։

«Երկու-երեք կարևոր բան կա. ամենակարևորը մարդուժն է։ Բավականին լավ մարդուժ կա Հայաստանում, և մարդիկ տրամադրված են աշխատելու։ Այսինքն՝ բավականին շատ մարդ կա, որ աշխատանք չունի, բայց ցանկանում է աշխատել։ Երկրորդը մարդուժի ծախսն է, որը Եվրոպայի կամ նավթային ցանցի երկրների աշխատավարձերի 20 տոկոսն է կազմում։ Երրորդը՝ անշարժ գույքի գներն են։ Նաև, Եվրոպայի հետ համեմատած՝ Հայաստանի հարկային դաշտն է բավականին լավը։ Իրավական դաշտում բարելավումներ են անհրաժեշտ, դատարանները պետք է սկսեն ավելի պրոֆեսիոնալ աշխատել։ Եթե միջազգային ներդրողներն իրենց ինքնավստահ զգան, ավելի լավ կաշխատեն։ Որոշ օրենքների բացատրությունն ու մանրամասնությունը պետք է տրվի, և անհստակ բաներ չլինեն»,- պարզաբանեց մեր զրուցակիցը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս