Կարևոր փոփոխություններ Քրեական օրենսգրքում
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվող կարգավորումները նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Թեև գրականության մեջ ակնհայտ է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները կամ այլ նյութերը ոչնչացնելը կամ վնասելն ինքնին գործի քննությանը խոչընդոտել է, բայց այդուհանդերձ, պրակտիկայում առաջացած անհստակությունների պատճառով առաջարկվում է դիսպորզիցիայում կատարել համապատասխան լրացումը»,- ասաց արդարադատության նախարարը։
Արփինե Հովհաննիսյանն առավել կարևորեց մյուս փոփոխությունը՝ նշելով, որ գործող իրավակարգավորման համաձայն՝ եթե սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տված, սխալ թարգմանություն կատարած անձն այդ մասին կամովին հայտնում է մինչև դատական ակտ կայացնելը (ընդ որում, կարևոր չէ՝ ցուցմունքը տվել է նախաքննությա՞ն ընթացքում, թե՞ դատական քննության ընթացքում), ազատվում է քրեական պատասխանատվությունից։ «Այսպիսի կարգավորումը գործնականում առաջացրել է այնպիսի խնդիր, երբ նախաքննության ընթացքում, եթե քրեական գործի վարույթը, օրինակ, կարճվում է, անձի քրեական պատասխանատվության հարցը սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության համար կարող է բարձրանալ՝ միայն երբ դատական ակտ է կայացվում։ Եվ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, որը գործն ըստ էության լուծող ակտ է, մնում է անհետևանք։ Դրա համար հստակություն է առաջարկվում, որ, եթե նախաքննության ընթացքում տրված սուտ ցուցմունք է կամ կեղծ եզրակացություն կամ սխալ թարգմանություն, այդ մասին անձը պետք է կամովին հայտնի մինչև նախաքննության ավարտը, իսկ եթե դատաքննության ընթացքում է, ապա՝ մինչև դատական ակտ կայացնելը»։
Մյուս փոփոխությունը վերաբերում էր ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերին։ Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ գործող իրավակարգավորմամբ միատեսակ պատասխանատվություն է նախատեսվում՝ անկախ նրանից՝ անձը ցուցմունք տալուց հրաժարվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությա՞ն համար, թե՞ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար։ «Դրա համար առաջարկվում է տարանջատել և պատասխանատվությունը խստացնել այն դեպքերի համար, երբ անձը հրաժարվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ, կամ այդ նույն արարքը կատարել է շահադիտական դրդումներով»,- ասաց նախարարը։