ԱԻՄ-ն առաջիկա 10 օրերի ընթացքում դիմելու է դատարան

«Ներքաղաքական կյանքի կարևորագույն ակնկալիքները կապել մեծ կամ փոքր որևէ գյուղի ընտրության հետ, այնքան էլ տեղին չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները մի փոքր տարբերվում են, բայց, ըստ նրա, սա էլ մի գյուղ է, մի մեծ համայնք է, որի ընտրություններն էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում գտնվող ժողովրդի համար. «Երկրում, որի Սահմանադրությունը կասկածի տակ է, ժողովուրդը մեկ գլխավոր խնդիր ունի՝ իր հիմնական օրենքը կարգի բերել՝ ժողովրդի դերակատարությունն ավելացնելու ճանապարհով: Մյուս բոլոր նպատակները, գործողությունները, դրանք տասներորդական են»:

Պ. Հայրիկյանի դիտարկմամբ՝ մենք հերթական նահանջն ապրեցինք, հրապարակները չլցվեցին դժգոհ բազմությամբ, բարոյապես կոտրված բազմությունը դրան ընդունակ լինել չի կարող, իսկ ընտրակաշառք բաժանելը բարոյապես կոտրում է ժողովրդին:

«Տեղի են ունեցել չակերտավոր ընտրություններ, որի նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա: Մենք դա ի սկզբանե կանխատեսել էինք: Մեր բոլորիս հիմնական խնդիրը պետք է լիներ Սահմանադրությունը: Մենք ծրագրում ենք և դիմելու ենք դատարան, դիմելու ենք Ընտրական օրենսգրքի և գործող Սահմանադրության անհամապատասխանությունն ապացուցելու նպատակով: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն ուղարկել ենք, բայց այստեղ մենք տեղում գործընթացը կսկսենք»,- նշեց Պ. Հայրիկյանը՝ հավելելով, որ առաջիկա 10 օրում այդ գործընթացը սկսելու են:

Կարդացեք նաև

Նա նաև ասաց, որ իրենք ողջունում են, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմում է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու. «Ցանկացած քաղաքական ուժ անարդար բան նկատելիս պետք է մինչև վերջ հնարավորություններն օգտագործի: Շարունակում ենք ապրել լճացած պայմաններում,  իրենց արևմտամետ հայտարարած ուժերն արդեն մանևրում են՝ արևի տակ ստացած իրենց տեղն արդարացնելու համար»:

168.am-ի ճշտող հարցին, թե՝ «Ելքի՞ն» նկատի ունեք, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Նկատի ունեմ նրանց, ովքեր ասում են՝ արևմտամետ ենք, մեր նպատակը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն են, բայց այսօր ասում են՝ չէ, մեր ազգային շահերն են կարևորը, կարծես թե ՆԱՏՕ-ն կամ քաղաքակրթական արժեքներն ազգային շահերին կարող են հակասել: Արժի՞, որ մենք անվանապես ասենք, երևույթն է կարևոր այստեղ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս