Բաժիններ՝

«Հիմա պետք է փորձենք ֆինանսավորման աղբյուրներ գտնել». Վահան Մարտիրոսյան

«Երբ անցյալ շաբաթ վարչապետի այց եղավ մեր նախարարություն, և նախարարության հաշվետվություն էր, քննարկվեց նաև տրանսպորտի ոլորտին, այսպես ասած, հեղափոխական լուծում տալու հարցը, քանի որ այսօր տրանսպորտային ոլորտը բնակիչներին չի բավարարում։ Բնական է՝ առաջարկություններ պետք է ներկայացնենք նոր տրանսպորտային համակարգի վերաբերյալ»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականի մասին։ Նա նշեց, որ հնարավոր է՝ ոլորտն ավելի ազատականացնեն և պարտադրեն ապահովել ուղևորահոսքի սպասարկումը։

Նրա խոսքով՝ մինչև հունիսի 1-ը կներկայացնեն տեխնիկական առաջադրանք, դրանից հետո կմշակվի նոր տրանսպորտային համակարգը։ «Մենք այսօր չենք կարող ներդրման չափ ասել, որոհետև չգիտենք՝ մոտավորապես ի՞նչ կարգի պահանջներ ենք իրենց ներկայացնելու»,- ասաց նա։

Նա նշեց, որ ճանապարհային հատվածը բարելավելու մոտավոր գնահատականներն ունեն։ «Դա, իհարկե, շատ մեծ ներդրումային ծավալ է։ Հիմա պետք է փորձենք ֆինանսավորման աղբյուրներ գտնել, այն տարածքները, որտեղ հնարավոր է այլընտրանքային ճանապարհներ կառուցել, այդպիսի ճանապարհներ կառուցենք, որոնք ավելի էժան կլինեն»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ճանապարհների 20 տոկոսը լավ վիճակում է, 25-30-ը՝ բավարար, մյուսները՝ վատ։

«Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Փոսալցումները սկսվել են։ Փոսալցումներից բացի՝ կատարվելու են նաև հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգման աշխատանքների մրցույթներն արդեն կամփոփվեն, և կհայտարարվի նոր մրցույթ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Ինչ վերաբերում է վարկային ծրագրերին, դրանք շարունակվում են։ Մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքները նախնական ներկայացված են ֆինանսավորող կազմակերպություններին։ Դրանք միջազգային դոնորներն են։ Իրենցից պատասխան ստանալուց անմիջապես հետո կշարունակվեն աշխատանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս