Ինչպես կարող է Խաչատուրովն օգտագործել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը

Շուրջ մեկ տարի ձգձգվող տարաձայնություններից հետո ապրիլի 14-ին Բիշքեկում անցկացվող ՀԱՊԿ ոչ-պաշտոնական գագաթաժողովի արդյունքներով հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև վերջապես կոնսենսուս է ձևավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչին նշանակելու հարցի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2017 թվականի մայիսի 2-ից կստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, 2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, դեռ մեկ տարի առաջ քարտուղարության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում կայացվեց հարցը մեկ տարով հետաձգել:

Ինչպես հայտնի է, Ղազախստանի և Բելառուսի նախագահները վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով խուսափում էին ՀԱՊԿ գագաթաժողովներին մասնակցությունից, որոնց ընթացքում պետք է քվեարկության դրվեր ՀՀ ներկայացուցչին այս պաշտոնում նշանակելու հարցը, որը, ըստ մի շարք փորձագետների, արգելափակում էր այս երկու երկրների հետ սերտ հարաբերություններ ունեցող Ադրբեջանի նախագահը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմն այս հարթակը կօգտագործի Ղարաբաղյան հակամարտությունում՝ ի օգուտ հայկական շահերի։ Ըստ մի շարք այլ գնահատականների՝ Ռուսաստանին չէր հաջողվում լուծել այս խնդիրը Բելառուսի և Ղազախստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ սա արհեստականորեն ստեղծված խնդիր էր, քանի որ նախատեսվում է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները պետք է ստանձնեն այս պաշտոնը և սկսեն իրականացնել իրենցից պահանջվող գործառույթները։ Ռոտացիոն սկզբունքի սահմանումը, նրա որակմամբ, ռացիոնալ որոշում էր, քանի որ նման միություններում գլխավոր քարտուղարությունը փոխանցվում է ռոտացիոն սկզբունքով, և բոլոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն և մասնակցեն միության կազմակերպչական աշխատանքներին, ինչը կբարձրացնի նաև անդամ երկրների շահագրգռությունը միության աշխատանքներին մասնակցելու հարցում։

«168 Ժամի» հետ զրույցում վերլուծաբանն ասաց, որ ՀԱՊԿ-ի գործունեության ոլորտները, համապատասխանաբար՝ գլխավոր քարտուղարի գործառույթների սահմանները, չափազանց հստակ են ամրագրված։ Նրա համոզմամբ՝ սա քաղաքական պաշտոն չէ, գլխավոր քարտուղարը միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չունի։ «Սա տեխնիկական, կազմակերպչական պաշտոն է, որի գլխավոր քարտուղարը, նույնիսկ պարտադիր չէ, որպեսզի լինի զինվորական»,- նկատեց Եվսեևը։

«ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների անվտանգությունը, ինչն էլ կանի անհրաժեշտության դեպքում։ Նման որոշումները կայացվում են գագաթաժողովների ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից։ Այս համատեքստում պետք է դիտարկել այն միջոցառումները, որոնք Ռուսաստանն իրականացրեց Հայաստանի հետ ապրիլյան բախումներից հետո։ Հայաստանը, հայ հասարակությունը դժգոհ է այս կառույցից, բայց դրա շրջանակներում գործող պայմանագրերի համաձայն՝ ամրապնդվում են ՀՀ պաշտպանության այն բաղադրիչները, որոնք, որպես թույլ, բացահայտվեցին ապրիլյան պատերազմի արդյունքում։ Այսինքն՝ եթե ինչ-որ տեղ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն են թերանում միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունների հարցում, Ռուսաստանը փորձում է դա փոխհատուցել»,- ասաց նա։

«168 Ժամի» հետ զրույցում մեկ այլ ռազմական փորձագետ՝ Պավել Ֆելգենգաուերը, ողջունեց, որ ի վերջո այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայնության եկան, ինչն իր համար սպասելի չէր։ Նրա խոսքով՝ իր համար բացատրելի էր այն իրավիճակը, որը ստեղծվել էր այս հարցի շուրջ, քանի որ ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ չէ։ ՀԱՊԿ-ը, նրա խոսքով, մեկ պետության ջանքերով, մեկ պետության շուրջ կառուցված պաշտպանական կառույց է, որի բոլոր անդամներն ամուր թելերով կապված են միայն Ռուսաստանին։

«Այս կազմակերպության բոլոր անդամները չունեն մեկ ընդհանուր նպատակ կամ թիրախ, այդ նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, իսկ Բելառուսին ու Հայաստանին, Ղազախստանին ու Հայաստանին քիչ բան է կապում այս ոլորտում, ավելին, այս երկրները խորը հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, այդ պատճառով այս երկրները խուսափում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումից կամ փորձում հերքել այն հայտարարությունները, որոնք Բորդյուժան էր տարածում ԼՂ հակամարտւթյան գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ այս երկրներին պետք չէ միջամտել ԼՂ հակամարտությանը, պետք չէ զորքեր ուղարկել Ղարաբաղ կամ Հայաստան՝ պատերազմելու Ադրբեջանի դեմ։

Թեև նման խնդիր ՀԱՊԿ-ում չի կարող առաջանալ, քանի որ Ղարաբաղը, ի վերջո, Հայաստան չէ, ՀԱՊԿ-ն չունի պարտավորություններ Ղարաբաղի նկատմամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում այս հարցի վերաբերյալ կոնսենսուս ձեռք չէր բերվի, թեև նորանշանակ քարտուղարը ՀԱՊԿ պաշտոնյա է, ով պարտավոր է շարժվել ՀԱՊԿ օրակարգով, և ոչ՝ Հայաստանի։

Կարծում եմ՝ հենց այդպես էլ լինելու է, առանց նման վստահեցումների՝ ՀՀ ներկայացուցիչ այդ պաշտոնում չէր նշանակվի»,- ասաց ռազմական վերլուծաբանը։ Նրա համոզմամբ՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացած անակնկալ ճգնաժամը Սիրիայում թույլ տվեց Ռուսաստանի նախագահին՝ անձամբ լուծել այս խնդիրը՝ այս որոշումը վստահորեն թելադրելով իր գործընկերներին։ «Միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակը լուրջ խաղաքարտ է Մոսկվայի ձեռքում։ Կարծում եմ՝ այս իրավիճակում առանց լուրջ ճնշումների է հաջողվել լուծում տալ այս հարցին, քանի որ Մոսկվան կարող է կասկածել, հրաժարվել իր գործընկերներից, ինչը չի բխում ներկայումս նրանց շահերից»,- ասաց Ֆելգենգաուերը։

Հարցին, թե՝ ի՞նչ կստանա հայկական կողմն այս նշանակմամբ, ռուս փորձագետը պատասխանեց՝ դիրք այս կառույցում, բայց՝ ոչ ավելին։ «Սա զուտ արարողակարգային պաշտոն է, որոշումները, ըստ էության, կայացնում է ռուսական կողմը՝ հաշվի առնելով իր գործընկերներին։ Այնուամենայնիվ, այս պաշտոնը հնարավորություն կտա այս հարթակն օգտագործել և Հայաստանի անվտանգության խնդիրներն ավելի լսելի դարձնել, դրանք ներկայացնել Հայաստանի տեսանկյունից, սա արգելված չէ, և ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել՝ ցանկության և ունակության դեպքում։ Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա՝ հաշվի առնելով նույն Բելառուսի և Ղազախստանի կեցվածքն այս հարցերում, այնուամենայնիվ այդ խնդիրների բարձրաձայնումը կընդլայնի իրազեկումը, ինչպես նաև՝ ՀՀ անվտանգության մակարդակը»,- նման կարծիք հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։

Վլադիմիր Եվսեևի կարծիքով ևս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հարթակ է, որը կարող է օգտագործվել։ «Այս պաշտոնը կոմունիկացիաների լայն հնարավորություն է ընձեռում։ ՀՀ ներկայացուցիչը կարող է օգտվել այդ կոմունիկացիաներից, ոչ պաշտոնական խողովակներով բարձրացնել ՀՀ անվտանգությունը, օգտվել կազմակերպության ռեսուրսներից։ Այսինքն՝ ուղիղ կերպով, ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս