Բաժիններ՝

Հայերեն առաջին Աստվածաշնչին նվիրված կոնֆերանսի համար կծախսվի 7.2 մլն դրամ

«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը, համագործակցելով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի («Մատենադարան») հետ, այս տարի իրականացնելու է «Տպագրության մարգարիտ». կոնֆերանս և ցուցահանդես՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակին» խորագիրը կրող ծրագիրը: Այսօր կառավարության նիստում որոշում կընդունվի ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ։ Կոնֆերանսի համար բյուջեից կհատկացվի 7.2 մլն դրամ։

Որոշման նախագծում նշվում է, որ հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը հայ ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային կյանքում այնպիսի մեծ դեր է կատարել, որքան դեռևս 5-րդ դարում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «Թարգմանությունների թագուհի»: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչն իրավամբ կոչվում է «Տպագրության մարգարիտ»:

«Հայաստանի Հանրապետությունում հայ տպագրությանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումները սկսվել են 2012 թվականից: Հոբելյաններից առաջինն առնչվում էր հայ տպագրության 500-ամյակին, իսկ երկրորդը՝ հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին: Երկու հոբելյաններն էլ նշվեցին ազգային և միջազգային նշանակություն ունեցող մի շարք կարևոր միջոցառումներով, որոնց մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Մաշտոցյան Մատենադարանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը` այս անգամ ևս ծրագիր մշակվեց սույն իրադարձությունը կարևորելու և դրա վերաբերյալ իրազեկությունը հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնելու նպատակով: Այս Ծրագիրը հայ տպագրության հոբելյանական տարելիցներին նվիրված ծրագրերի երրորդ, այն է՝ վերջին փուլն է:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ևս մեկ անգամ արժևորելու հայ տպագրության կարևորությունը տեղական և համաշխարհային համատեքստում, կներկայացնի եվրոպական մշակույթի հետ ունեցած հայ մշակույթի կապերն ու փոխազդեցությունները, նրա բեկումնային նշանակությունը հայ մշակույթի և գիտության տարբեր ճյուղերի հետագա ընթացքի վրա, քանի որ առաջին տպագիր Աստվածաշունչը տարբեր երկրների գիտական շրջանակների ուշադրությունը սևեռեց դեպի հայոց լեզուն, հայ մշակույթը՝  հիմք դնելով հայագիտությանը»,- ասված է նախագծում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս