Բաժիններ՝

«Անհանգստանալու առիթ չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի». Շիրակի դատախազը՝ ռուս զինծառայողի անհետացման մասին

Գյումրիում ոստիկանությունը շարունակում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, իսկ ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում»,- նշեց Կարեն Գաբրիելյանը՝ հաստատելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի:

«Մեր ունեցած տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-նշեց դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ:

«Անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի»,- հավելեց Կարեն Գաբրիելյանը:

Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը՝ 3 օր առաջ Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է:

Նրա անհետացման մասին  ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը  զորամասից  գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմված քով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս