Բաժիններ՝

50 տոկոս զեղչով սովորել և բնակվել արտերկրում. ովքեր են արտոնյալները. dialogue.am

Dialogue.am-ը շարունակում է «Սոցիալական իրավունք» շարքն` այս անգամ ներկայացնելով, թե ովքեր կարող են դառնալ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կրթաթոշակառու, արտասահմանյան որ բարձրակարգ  համալսարաններում կարող են ստանալ կրթություն և ինչպես:

Հիմնադրամը, որը գործում է 2009-ից, կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար: «Լույսը» ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից` ՀՀ Կառավարությունից, մասնավոր կազմակերպությունների նվիրաբերություններից և նվիրատվություններից:


2016-ին Հիմնադրամը աշխարհի առաջատար ԲՈՒՀ-եր ընդունված թվով 104 հայազգի ուսանողների ուսման և կեցության համար հատկացրել է 1.536.694.276 դրամ, 2015-ին` 102 ուսանողների համար` 1.391.179.230 դրամ: 


«Լույսն» աջակցում է ոչ թե արտերկրում սովորող երիտասարդներին, այլ աշխարհի լավագույն 10 համալսարաններ ընդունված, 18-40 տարեկան հայ ուսանողներին՝ թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքից:

10 համալսարանների ցանկը`


ՀԻՇԵՔ.

Հիմնադրամն ուսանողներին ամբողջական կրթաթոշակ չի տրամադրում,  առավելագույնը տրամադրում է ուսվարձի և ընդհանուր ծախսերի 50 տոկոսի չափով դրամաշնորհ:


Կրթաթոշակի համար կարող եք դիմել միայն ու միայն այն դեպքում, երբ «Լույս» հիմնադրամի առաջարկած 10 համալսարաններից որևէ մեկի կողմից արդեն իսկ ստացել եք վերջնական հրավեր: Այսինքն՝ Հայաստանում գործող հիմնադրամը չի միջնորդում պոտենցիալ դիմորդին նշված 10 համալասարաններից մեկում ընդունվելու հարցում. Հիմնադրամի գործառույթը կայանում է արդեն իսկ հրավեր ստացած ուսանողի սոցիալական բեռը՝ ուսումնառության շրջանում թեթևացնելում:

Ովքեր կարող են դիմել Լույսին կրթաթոշակ ստանալու համար

Նախ նշենք, որ ուսանողներին «Լույսը» շնորհում է փոխառություն կամ կրթաթոշակ. այդ գումարը դիտարկվում է որպես դրամաշնորհ այն դեպքում, երբ ուսանողը կատարում է ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար «Լույսի» պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

Դրանք շատ չեն`

  • Միշտ կապի մեջ եղեք: Մասնակցեք Երևանում գտնվող «Լույսի» առցանց ժողովներին:
  • Մասնակցեք և ներկայացրեք առաջարկներ «Լույսի» “Զարգացնենք Հայաստանը” ծրագրի համար:
  • Փոխանցեք ձեր գիտելիքն ու ոգևորությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում սեմինար անցկացրեք:
  • Մենթոր դարձեք հայաստանցի երիտասարդ ուսանողների համար:
  • «Լույսի» ծրագրերին մասնակցելիս հայերեն սովորեք և ծանոթացեք Հայաստանի մշակույթին:
  • Տրամադրեք ձեր գիտական հրապարակումները` «Լույսի» կողմից հրատարակելու համար:
  • Հյուրընկալեք ձեր համալսարանում ձեզ այցելած «Լույսի» ուսանողներին:
  • Ներկայացրեք եռամսյակային հաշվետվություններ, ձեր դիտարկումներն ու առաջարկությունները:
  • Միացեք կամ ստեղծեք հայ ուսանողների միություն կամ «Լույսի» ցանց այն համալսարանում, որտեղ սովորում եք:
  • Որտեղ էլ լինեք, եղեք «Լույսի» և հայկական մշակույթի դեսպանը:

Կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է

  • լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար),
  • ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը: Ի դեպ, ցանկից դուրս որևէ համալսարան կրթաթոշակի հատկացման համար  ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ:
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինել 18-40 տարեկան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:

Ուսանողը չի կարող 2 անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:

«Լույսի» կրթաթոշակին արժանանում են առաջին այն 10 ուսանողները, ովքեր համապատասխանում են վերը նշված պայմաններին:


Լույսին դիմել չեք կարող հետևյալ ծրագրերի դեպքում`

  1. ամառային ակադեմիական ծրագրեր,
  2. կարճաժամկետ ակադեմիական ծրագրեր,
  3. աշխատանքային զբաղվածություն ունեցող մասնագետների համար նախատեսված ծրագրեր (professional tracks),
  4. հեռավար և առցանց ուսուցմամբ ծրագրեր,
  5. հավաստագրման ծրագրեր, գիտաժողովներ և գործուղումներ:

Ինչ ֆինանսական վիճակի տեր ուսանողները կարող են դիմել Լույս-ին կրթոթոշակի արժանանալու համար:

Նշենք, որ ինչպես տեղեկացանք Լույսից, Ֆինանսական նկարագիրը և հասարակության որևէ շերտին պատկանելությունն ուսանողին ընտրելու հարցում որևէ դեր չի կատարում:  Սրանք բոլորովին կապ չունեն համալսարանի` ուսանողին ընդունել-չընդունելու որոշման հետ: Այսպիսով, «Լույսի» ուսանողները հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ են:

Համալսարաններն ուսանողներին ընդունում են` հիմնվելով միայն նրանց գիտական ձեռքբերումների:

Ինչպե՞ս է հաշվվում «Լույսի» ֆինանսական օժանդակության չափը

Ֆինանսական աջակցություն տրամադրելիս «Լույս» հիմնադրամը հաշվի է առնում տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափը և ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրները, որ ուսանողը կարող է ստանալ: Հետևաբար հատկացվող գումարի չափը տարբերվում է` կախված ուսանողի անհատական ֆինանսական դրությունից և համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից տրամադրվող աջակցության չափից:

«Լույսը» հատկացնում է համալսարանում սովորելու հետ կապված ծախսերի առավելագույնը 50 տոկոսը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար «Լույսը»

տրամադրում է կրթաթոշակ` ըստ հետևյալ բաղադրիչների.

  • համալսարանի ուսման վարձ (ներառյալ քոլեջի ուսման վարձը` առկայության դեպքում)
  • կեցության ծախսեր
  • 15.380 $ ԱՄՆ-ի որևէ համալսարանում 9 ամիս սովորելու համար (2016-2017 ուստարվա համար)
  • 12.400 $ Մեծ Բրիտանիայի որևէ համալսարանում 9 ամիս սովորելու համար (2016-2017 ուստարվա համար)
  • առողջության ապահովագրության արժեքը` սահմանված համալսարանի կողմից (առկայության դեպքում)
  • 2.400 $ ուսումնական նյութերի/պարագաների համար
  • մինչև 1.500 $ ավիափոխադրման արժեք` «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցելու համար:

Ի ԴԵՊ, կեցության ծախսերը ֆիքսված են և ենթակա չեն քննարկման: Վերը ներկայացված բանաձևը կարող է ենթարկվել փոփոխության՝ համաձայն «Լույսի» խորհրդի որոշման:

Ինչ փաստաթղթեր ներկայացնել

Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը:

Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ, ոչ քաղաքացիները` ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):


Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս