Բաժիններ՝

Բրիտանացի պահպանողականները կարող են լրացուցիչ 52 պատգամավոր անցկացնել խորհրդարան. հարցում

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8­-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների: Այդ մասին վկայում է հասարակական կարծիքի հարցումը, որը YouGov սոցիոլոգիական ընկերությունը կազմակերպել է Times թերթի պատվերով, որն էլ եւ հրապարակել է դրա արդյունքները:

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, թորիները կարող են 382 տեղ գրավել օրենսդիր մարմնի 650-­տեղանոց ստորին պալատում:

Համեմատության համար նշենք, որ այժմ խորհրդարանում կառավարող կուսակցությունը ներկայացված է 330 ժողովրդական ընտրյալներով: Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, ընդհակառակը, խիստ կվատացնի իր դիրքերը՝ ընդամենը 179 պատգամավորական մանդատ երաշխավորելով ներկայիս 229-­ից:

«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցությունը, հարցման համաձայն, օրենսդիր մարմին կանցկացնի երեք նոր պատգամավորների՝ նրանց թիվը հասցնելով տասի, իսկ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կնվաճի երկու լրացուցիչ մանդատ՝ 56 մանդատներով մնալով խորհրդարանում ներկայացված երրորդ ամենախոշոր խմբակցությունը: Եվս 23 պատգամավորներ կներկայացնեն այլ կուսակցություններ:

Այսպիսով, Պահպանողական կուսակցության այսպես կոչված աշխատանքային մեծամասնությունը, որը հաշվարկվում է բարդ սխեմայով, ներկայիս 17 պատգամավորական մանդատներից կավելանա մինչեւ տպավորիչ 114:

Ապրիլի 18­-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-­ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:

Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 19-­ին: Ինչպես սպասվում է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս