Բաժիններ՝

Հայաստանի ճանաչելիության միջոցառումները Զբոսաշրջության պետական կոմիտեն սկսել է Ռուսաստանից

«Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մասին» և «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես» թեմաներով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և «EXPO GROUP» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը:

Նախքան Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մանրամասներին անցնելը Զարմինե  Զեյթունցյանն ամփոփեց անցած երեք ամիսների աշխատանքի արդյունքները, որի համաձայն՝ 2016 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստան այցելությունների թիվն աճել է 18.2 տոկոսով, որն ըստ բանախոսի՝ բավականին զգալի ցուցանիշ է.

«Հիմնական  ցուցանիշն ապահովել է իրանական շուկան՝ 17.7  տոկոս, ռուսական շուկան՝ 7.5 տոկոս, իսկ առաջին եռյակը գլխավորում են Չինաստանը, Գերմանիան և  Ֆրանսիան»:

Զարմինե Զեյթունցյանը նկատում է՝ այս տարի Ռուսաստանի Դաշնությունում շատ ակտիվ մեկնարկել է  տուրիզմի  խթանման գործընթացը.

«Հայաստան, իմ յոթերորդ զգայարան» խորագրով միջոցառման ընթացքում, որն անցկացրեցինք՝ ՌԴ-ում ներկայացրեցինք Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը: Հիմնական միջոցառումներն անցկացվեցին երկու օր: Ներկայացվեց հայկական խոհանոցը, ներկայացվեց նաև Մարաշլյան ֆոտոատելիեն: Մեր հիմնական նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանը՝ իր բոլոր հայկական դրսևորումներով՝ երգ, պար, երաժշտություն, խոհանոց և այլն»:

«Ռոստուրիզմի» ներկայացուցիչների  հետ հանդիպումները, ըստ Զարմինե Զեյթունցյանի, անցել են չափազանց բարեհաջող:  Հանդիպման ընթացքում երկու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ իրենց իսկ տարածքում մինչև ընթացիկ ամսվա վերջ ներկայացնելու հայաստանյան զբոսաշրջային արդյունքը՝ այս անգամ կազմակերպված «Ռոստուրիզմի»   կողմից, ինչպես նաև՝ լրագրողների և բլոգերների առաջին այցը, որը կրկին խոստացավ կազմակերպել «Ռոստուրիզմը»:

Թե ինչո՞ւ է  որպես առաջնային թիրախային շուկա՝ ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը, Զարմինե Զեյթունցյանը նշեց՝ պարզապես արդեն իսկ քաջածանոթ և հայտնի լինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում Հայաստանի հետ  ռազմավարական գործընկեր հանդիսանալու  փաստով: Առաջիկայում պլաններ կան ներառելու նաև պարսկական տուրիստական շուկան, ինչպես նաև Արաբական Ծոցը: Բոլոր ծրագրերի հիմնական նպատակը միտված է երկրի ճանաչելիության բարձրացմանը, նկատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

«EXPO GROUP» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը, ներկայացնելով էքսպոյի մանրամասները, նկատում է.

«Ին-Տուր էքսպոն» այս տարի կկայանա չորրորդ անգամ, որն իրենից ներկայացնում է տուրիզմի բնագավառի ցուցահանդես: Այն դեռևս միջազգային մասշտաբներ չի ներառում, բայց կազմակերպվում և անցկացվում է այդօրինակ չափանիշերով: Ծավալների մեծացման համար երկար տարիների աշխատանք է հարկավոր, բայց տեսնելով նախորդ տարիների աճը՝ մենք  բավական դրական դինամիկա ենք նկատում»:

Տեղեկացնենք, որ «Ին-Տուր էքսպոն» այս տարի նախատեսվում է անցկացնել ապրիլի 21-23-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս