«Ղարաբաղին անդրադառնալով՝ Իրանն ուղերձ է հղում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մի քանի երկրներին». Ալի Սալամի
«Երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության մասին Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը գլոբալ ուղերձ է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն առաջ մղել իրենց միանձնյա շահերը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին՝ մեկնաբանելով իրանցի նախարարի՝ օրերս արած ուշագրավ դիտարկումները։
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է. «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա»: Իրանի պաշտպանության նախարարը խոսել է նաև տարածաշրջանային խնդիրների մասին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ նրա՝ վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: «Ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և սիոնիստական ռեժիմը»,- նշել է Դեհղանը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախևառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային և կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերություններն օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ, եթե այդ հարաբերությունները զարգանային նաև պաշտպանական ոլորտում»,- ասել է Հոսեյն Դեհղանը:
Ալի Սալամին ասաց, որ որևէ նոր նրբերանգ չի տեսնում իրանցի նախարարի դիտարկումներում, քանի որ դրանք, ինչպես և անցյալում, արտահայտում են Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ այս հակամարտության գոտում ցանկացած փոփոխություն, նրա խոսքով, ուղիղ առնչություն ունի Իրանի անվտանգության հետ։
«Սա հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ իրանական կողմի համար ձեռնտու չէ ստատուս-քվոյի փոփոխությունն ի օգուտ Ադրբեջանի, որը ներառում է տարածքների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում։ Սակայն Իրանը տարածաշրջանային կայունության և պատերազմի բացառման կողմնակիցն է, այդ պատճառով, թեև լինելով խաղաղության ամենաշահագրգիռ կողմերից մեկը, չի միջամտում կարգավորման գործընթացին և հետևում է միջազգային մանդատ ունեցող խմբի՝ Մինսկի խմբի, աշխատանքին, հուսալով, որ հեռու չէ կարգավորումը։ Այս առումով նախարարի խոսքը նորություններ չի պարունակում»,- կարծիք հայտնեց Ալի Սալամին։
Վերջինիս համոզմամբ, Դեհղանի խոսքի այն հատվածը, որը վերաբերում էր երրորդ երկրների միջամտության բացառմանը, տարբեր հասցեատերեր ուներ։
«Գաղտնիք չէ, որ հակամարտությունները, այդ թվում՝ մեր տարածաշրջանի ամենախնդրահարույց հակամարտություններից մեկը, տարբեր շահեր ունեցող խաղացողներ ունի, այդ տարբեր շահերը վտանգում են տարածաշրջանային կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը։ Խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք իրենց գործողություններով փորձում են փոխել հակամարտության կարգավորման ընթացքն ի օգուտ իրենց՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Նման կերպ են ընկալվում ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ ժամանակ առ ժամանակ Թուրքիայի գործողությունները։
Ռուսաստանն այս տարածաշրջանում իր հեգեմոն դիրքերն է փորձում պահպանել և ամրապնդել այս հակամարտության միջոցով, իր շահերն առաջ մղելով, որոնցում ոչ միշտ է կարգավորումն առաջին տեղում, եթե ոչ՝ հակառակը, իսկ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին՝ փորձելով դառնալ Մինսկի խմբի անդամ երկիր, ինչը հնարավոր չէ։ Ամեն դեպքում Թուրքիայի այդ ջանքերն ապացուցում են, որ այս հարցում Թուրքիան չեզոք խաղացող չէ, հատկապես, երբ ապրիլյան պատերազմի օրերին բացահայտ աջակցում էր Ադրբեջանին՝ երկրի նախագահի, վարչապետի և նախարարների մակարդակով։
Սա ևս հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ նախարարի խոսքերի հասցեատերը նաև իր ադրբեջանցի պաշտոնակիցն էր, ում նա հասկացրեց, որ թույլ չի տա հակաիրանական զարգացումներ տարածաշրջանում, որոնց ուղղություններից մեկը կարող է նախաձեռնել Թուրքիան՝ հրահրելով Ադրբեջանին»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին։
Իրանցի քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ երրորդ երկրներ ասելով՝ Դեհղանը նաև նկատի ունի այն երկրներին, որոնք կարգավորման դեպքում կփորձեն Ղարաբաղ խաղաղապահ առաքելություն ուղարկել, ինչը ևս չի բխում իրանական կողմի շահերից։ Այսինքն, նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության մասին հայտարարությունը գլոբալ ուղերձ է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն առաջ մղել իրենց միանձնյա շահերը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը։
«Այս տարածաշրջանում Իրանը ևս իր շահերն ունի, Իրանը խաղաղության գլխավոր շահագրգիռն է, բայց հասկանալով խնդրի լրջությունը՝ փորձում է չմիջամտել դրան, առաջ չմղել սեփական շահերը, թեև նշեցի, որ մեզ հետաքրքրում է, որպեսզի չլինեն խաղաղապահներ և վերասահմանված սահմաններ»,- ասաց Ալի Սալամին։